69590 դիտում
15:27 07-10-2020
Ես մտածում էի՝ ինքը կգա, բայց իրեն բերեցին. մայրն ասում է՝ թող որ վերջինը լինի, իմով վերջանա. հարազատները՝ զոհված Մուշեղ Մուրադյանի մասին.Tert.am
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 27-ամյա Մուշեղ Մուրադյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր: Պարտադիր զինվորական ծառայության մեկնել էր 2011-ին: Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, մեկնել է Արցախ:
Մուշեղի քույրը՝ Անուշիկը, [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում պատմեց, որ եղբոր հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 30-ի առավոտյան, ասել է՝ լավ է:
Քույրն ասում է՝ Մուշեղը սիրում էր ստեղծագործել, խուսափում էր կրկնություններից, որտեղ լինում էր, մի բան սարքում էր. «Ծառայության տարիներին էլ թղթից եկեղեցի էր պատրաստել: Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ էր, հետո սկսեց շինարարությամբ զբաղվել: Սիրում էր հարմարավետություն, հանգստություն: Առաջարկներ ուներ Հայաստանից հեռանալու, աշխատելու, բայց մերժում էր: Շատ էր սիրում իր երկիրը, Երևան քաղաքը. իր ամեն խոսքը Երևանի մասին էր»,-պատմեց Մուշեղի քույրը:
Անուշիկի խոսքով՝ եղբայրն ատում էր տխուր մարդկանց, անում ամեն ինչ, որ բոլորը ժպտան. «Որտեղ կար տխրություն, ինքն այդտեղ չկար: Նպատակասլաց էր, պայքարող, որ զրուցում էինք, ասում էր՝ «Մի ասեք՝ ուզում եմ այս բան ունենալ, ասեք՝ հասնելու եմ, ունենալու եմ»:
Մուշեղի մտերիմներից Մարիամ Աղաբաբյանը պատմում է, որ նա ազգային երգ ու պարի սիրահար էր, նման ոչ մի միջոցառում բաց չէր թողնում:
«Գալիս էր, սովորում: Երգի ձայնը լսում էր ու ոտքի կանգնում... չէ, մենք իրեն նստած չենք տեսել, ինչ-որ անում էր, երգով էր անում, պարով էր անում: Վերջերս միջոցառում եղավ, չէինք ասել....իմացավ, ասաց ՝ նեղացել եմ, բայց վստահ ենք, որ չէր նեղացել, մենք էլ ափսոսեցինք, որ չենք ասել, մտածեցինք՝ դե էլի կլինեն, կասենք անպայման, բայց ի՜նչ իմանայինք... Կռիվը սկսվեց, իմացանք՝ Մուշոյին էլ են տանում: Մտածեցի՝ դե ոնց տանում են, այդպես էլ հետ կբերեն: Ես մտածում էի՝ կգա, բայց բերեցին: Ժամեր, օրեր տևեց իրեն բերելը, հազար ու մի փոթորիկներ անցան մեր միջով, հազար ու մի վարկած, կասկած»,-ասաց Մարիամը:
Նրա խոսքով՝ չէին պատկերացնում անգամ, որ իրենց հետ հերոս է ապրում: «Թվում էր, թե սովորական մարդ է՝ բոլորիս պես՝ ասող, խոսող, երգող, պարող... բայց չէ, սովորական չէր: Ինչքան էլ ուժեղ թվանք կամ լինենք, մեկ է, ուժը սահմանային իրավիճակում է երևում. ամեն որդի չէ, որ կարող էր ժպիտը դեմքին զոհվել (մահվանից րոպեներ անց նկար կա, որտեղ նկատելի ժպիտ ունի Մուշոն՝ խաղաղ, բարի, խորը), ամեն մայր չէ, որ կարող է վեհորեն սգալ՝ չմեղադրել, չանիծել: Մայրն ասում էր՝ «Թող որ վերջինը լինի, իմով վերջանա... գոհ ենք Աստծուց, որ անբիծ վերադարձրել է... Լա՛վ ես արել, ճիշտ ես արել, ուրեմն՝ այսպես է պետք, ես քեզ չեմ մեղադրում»,- դիմում էր որդուն վերջին խոսքերով ու ասում, որ պիտի պատվով հաղթահարենք վիշտը»,-պատմեց Մարիամը:
Նմանատիպ նյութեր
797 դիտում
20:54 03-02-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում