211652_close_icon
views-count2265 դիտում article-date 13:15 06-10-2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել ԼՂ գոտում բնակեցված տարածքների թիրախավորման առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ բոլոր կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները ՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կայքից, Գուտերեշի խոսքերը մեջբերել է նրա խոսնակը: Գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրացումը՝ չնայած միջազգային հանրության՝ կռիվն անմիջապես դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա խիստ անհանգստացած է ռազմական գործողությունների, այդ թվում՝ բնակեցված տարածքների թիրախավորման փաստով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ հորդորելով անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Նա կոչ է արել տարածաշրջանային և միջազգային համապատասխան դերակատարներին՝ ակտիվորեն քայլեր ձեռնարկել մարտական գործողությունների հրատապ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար: Գուտերեշի խոսնակը հոկտեմբերի 5-ի մամուլի հերթական ասուլում նշել էր, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը շարունակում է խորապես մտահոգվել շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների համար: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Նմանատիպ նյութեր