Սա գոյության կռիվ է. աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանի ուղերձը համայն հայությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նշան Մունչյանը ուղերձ է հղել Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայերին:
«Սիրելի հայրենակիցներ և սփյուռքի համայն հայություն,
Արդեն մեկ շաբաթ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմ է սանձազերծել Արցախում: Այս պատերազմը տարածքների համար չէ: Ինչպես նշեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ սա հայ ազգի գոյության կռիվ է: Այսօր Արցախն ու Հայաստանը պատերազմ են տանում համաշխարհային ահաբեկչության դեմ: Թուրքիան և Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ և խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից:
Մենք պետք է համախմբած լինենք ամբողջ աշխարհի հայերով որպես մի բռունք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ հայոց բանակի համար: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք այսօր ավելի միասնական ենք, քան երբևէ:
Իմ խորին ցավակցությունները բոլոր զոհված հերոս զինվորների մայրերին և փառք բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին պատերազմի դաշտում չեն խնայում իրենց կյանքը հանուն հայրենիքի: Մենք հաղթելու ենք»,- ասված է Մունչյանի ուղերձում: