Կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից. Արմեն Սարգսյան
Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից: Այս մասին, չինական Caixin Media գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:
Ցանկանում եմ նախ եւ առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց եւ սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը:
Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջեւ, ինչպես նաեւ կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:
Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից եւ ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջեւանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ եւ գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից:
Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, եւ որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել եւ իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների: Ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչեւ F-16 կործանիչներ, ինչը եւս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում եւ Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլեւ օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:
Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արեւելյան կողմում, այլեւ ձեր եւ Թուրքիայի սահմանին:
Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից եւ հատում են սահմանը:
Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է:
Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական եւ եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում եւ այնտեղ եւս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են:
Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու եւ հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա:
Քանի որ, ինչպես նշեցիք, թուրքական ներգրավվածությունը բավական բարդ է, եւ խնդիրները կարող են լուծվել միայն Մինսկի խմբի ձեւաչափով, դուք պատրաստվո՞ւմ եք դիմել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ միջամտելու ներկայիս իրադրությունում: Արդյո՞ք դա քննարկվող տարբերակ է, թե՞ դուք կնախընտրեք ձեր պաշտպանական ուժերը:
Պատասխանը պարզ է: Երբ չկար թուրքական ներգրավվածություն, եւ հակամարտության կողմերն էին Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ: Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան:
Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից, երբ նրանք աջակցեն Ադրբեջանին միայն կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում: Սակայն քանի դեռ նրանք ներգրավված են այս ամենում, չկա հավասարակշռություն: Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ է լինելու գործ ունենալ հակամարտության մաս դարձած նոր սուբյեկտի հետ, որը Թուրքիան է:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն: Մենք դժգոհ ենք, որ ունենք մի արտաքին խաղացող, որը միջամտում է եւ ամեն բան ոչնչացնում:
Մենք ցանկանում ենք խնդրել միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա հետ քաշվի: Միայն դրանից հետո մենք կարող ենք վերադառնալ Մինսկի խմբի բնականոն գործընթացին:
Ցանկացած երրորդ կողմի որեւէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի եւ կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով: