211652_close_icon
views-count9722 դիտում article-date 00:48 03-10-2020

Ուզում էր պիտանի լինել իր երկրի համար, իր ուզածը եղավ... զոհված Սլավա Բադալյանը լրագրող էր.NEWS.am

Բարի, հասնող, մաքուր սիրտ ունեցող, չհանձնվող ու հպարտ։ Այսպես են կոլեգաները, համակուրսեցիները, դասախոսները հիշում Սլավա Բադալյանին, որը զոհվել է մարտական գործողություններում՝ հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Սլավայի համակուրսեցին՝ Էլինա Ասատրյանը, [color=#EF2929]NEWS.am[/color]-ի հետ զրույցում պատմեց. «Ոչ մի գրամ չկամություն իր մեջ չկար, մոտիվատոր էր»։ Սլավան ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտել էր կարմիր դիպլոմով, ապա ընդունվել նույն համալսարանի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցային տեխնոլոգիաներ բաժնի մագիստրատուրան, բայց մինչև հաջորդ նպատակն իրականություն դարձնելը 2019թ․-ի ամռանը զորակոչվել էր բանակ։ Էլինայի խոսքով՝ Սլավան նպատակ ուներ նաև ասպիրանտուրայում սովորել, դասախոսելու ցանկություն ուներ։ Սլավան Էլինայի համակուրսեցին էր, որը 4 տարիների ընթացքում դարձել էր նրան շատ հարազատ մարդ։ Մտերիմ ընկերները վերջին անգամ իրար հետ խոսել են ռազմական գործողությունները սկսվելուց երկու օր առաջ։ «Ասաց, որ քիչ է մնացել իր հետ գալուն, որ հիմա ավելի շատ է սկսել ապագայի մասին մտածել ու գիտակցել վաղվա օրը կառուցելու կարևորությունը։ Մագիստրատուրա էր ընդունվել, ուզում էր հաղորդավար դառնալ։ Շատ խելացի էր, ամեն ինչից գլուխ էր հանում։ Իրեն էլ եմ շատ ասել, որ իր ապագան փայլուն է լինելու, իր վրա ավելի շատ էի վստահ, քան իմ, որովհետև շատ էր ուզում հաջողությունների հասնել և հավատում էր, որ երազանքներն իրականություն են դառնալու։ Հանգիստ տեղը չէր նստում, անընդհատ ուզում էր նոր բան սովորել, առաջ գնալ, ասում էր՝ ուզում եմ հայտնի լինեմ, անունս բոլորն իմանան։ Ուզում էր պիտանի լինել իր երկրի համար, փաստորեն, իր ուզածը եղավ․․․»,- պատմում է Էլինան։ Սլավան որոշ ժամանակ աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում և «Հրապարակ» օրաթերթում։ Համակուրսեցիներից Աննա Հովհաննիսյանը Սլավային ևս բնութագրում է որպես խելացի, համեստ, ձգտող անձի։ Աննան ժպիտով է հիշում, երբ Սլավան աշխատանքի էր ընդունվում այս կամ այն լրատվամիջոցում, իր ստացած աշխատավարձն ավելի շատ համակուրսեցիների համար շոկոլադ առնելու վրա էր ծախսում, քան իր կարիքները հոգալու։ «Իր գրպանում միշտ շոկոլոդ կար, մեզ համար էր առնում, որը դասի ժամին թաքուն ուտում էինք»,- ասաց նա։ «Սլավը չէր սիրում ստանդարտներ: Ինքը սիրում էր կարծրատիպեր կոտրել»,- պատմում է Լիլիթ Գասպարյանը։ «Ասում էր՝ կյանքում լիքը սիրուն բաներ կան, որոնք պետք է գնահատել մարդու մեջ, ու ինքը գնահատում էր, հաճախ ինքը տեսնում, նկատում էր էն՝ ինչը շատերիս աչքից վրիպում էր: Պարզ, մաքուր, ազնիվ, դաստիարակված...Գիտեմ՝ ամենաշատը կարոտելու եմ իր հետ քննարկումները, որովհետև առանց երկմտելու մտածածն ասում էր: Բոլորն իրեն կհիշեն որպես գերազանցիկ ուսանողի, բայց ինձ համար ինքը նախ պատասխանատու մարդ էր, ցավոք, հենց իր էդ մեծ պատասխանատվության զգացումը մեզնից խլեց իրեն, անմահացրեց: Հոգիդ միշտ լույսի մեջ մնա, Սլավ ջան։ Չէր սիրում, երբ իրեն Վյաչեսլավ էինք ասում))»,- եզրափակեց Լիլիթը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր