211652_close_icon
views-count261622 դիտում article-date 22:56 02-10-2020

Երևանում վթարի է ենթարկվել լուսաձայնային ազդանշանները միացրած, վիրավոր զինվորին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենան. մինչ բժիշկների ժամանումը, քաղաքացիները միահամուռ փորձում էին վթարված ավտոմեքենան հրելով հասցնել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են շտապօգնության և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենան պատկանում է Քաջարանի բժշկական կենտրոնին, և բժիշկները Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխում վիրավոր զինվորի: Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան ի վիճակի չէր առաջ ընթանալու և ժամանած մի քանի շտապօգնության ավտոմեքենաներից մեկի բժիշկները, որոնց ավտոմեքենան հագեցած էր թթվածնային պարագաներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխեցին վիրավորին նշված շտապօգնության ավտոմեքենա, ինչից հետո ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ հերոս զինվորին տեղափոխեցին «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մինչ շտապօգնության ավտոմեքենաների ժամանումը, քաղաքացիները փորձում էին նույնիսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան հրելով հասցնել հիվանդանոց, որպեսզի հնարավոր լինի վայրկյան առաջ վիրավորին հասցնել հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրենք տեսել են, որ վթարված շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել ձայնային և լուսային ազդանշանները, իսկ Hyundai Elantra-ի վրայից համարանիշները հանել էին: Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը, տեղեկանալով վթարի մասին, այն փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից գումարտակի հրամանատար Վահան Էվինյանի կարգադրությամբ շտապօգնության մի քանի խմբեր են մոտեցել դեպքի վայր: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր