Ադրբեջանական ֆաշիզմն օգտագործում է այդ երկրի ազգային փոքրամասնություններին. ՀՀ ԱԺ պատգամավորի կոչը
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կոչով դիմեց Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հորդորելով թույլ չտալ, որ ադրբեջանական ֆաշիզմն օգտագործի նրանց ու նրանց երեխաներին: «[url=https://armenpress.am/arm/news/1029238.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս կոչով պատգամավորը դիմեց խորհրդարանում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:
Նա նախ շեշտեց, որ ելույթով դիմում է Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ավարներին, թաթերին: «Սա ձեր պատերազմը չէ»,-ասաց Աբովյանը:
Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվածները հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են: «Հարց տվեք ձեզ, թե ինչի համար ալիևյան ֆաշիստական ռեժիմն առաջնագիծ է նետում հենց ձեզ՝ բնիկներին, որոնց հետ մենք հարյուրամյակներ կողք կողքի ապրել ենք: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ ադրբեջանական և թուրքական ֆաշիզմն օգտագործի ձեզ և ձեր երեխաների կյանքերը՝ իրենց մարդակերական քաղաքականությունն առաջ տանելու համար: Փախցրեք ձեր երեխաներին, պահեք, դուրս հանեք Ադրբեջանից: Սաբոտաժ արեք ալիևյան հանցավոր վարչակազմի բոլոր հրահանգները: Սա ձեր պատերազմը չէ, ձեզ ուղարկում են ոչնչացման՝ Ղարաբաղի հայկական լեռներում»,-ասաց Աբովյանն ու հավելեց՝ կապ չունի, թե ով զինված ոտքը կդնի Հայաստան կամ Արցախ, միանշանակ ոչնչացվելու է:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 59 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: