2932 դիտում
14:37 25-09-2020
Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատը վայր դնելու որոշումը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը՝ մասնավորապես նշելով, որ այդ որոշումը հեշտ չի տրվել, բայց իր համար չափազանց կարևոր է իր սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինելը:
Գ.՝ Աբրահամյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:
«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»,-նշել է Աբրահամյանը:
Պատգամավորը վստահեցրել է, որ երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չի խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցել է, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չի լինի: «Սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատելը կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։ Տարիներ շարունակ լրագրողական եւ հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման եւ օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր»,- գրել է պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ օրենսդիրում աշխատանքի 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի եւ խորհրդարանական գործընկերների հետ դժվարին, սակայն չափազանց կարեւոր եւ արդյունավետ ճանապարհ է անցել, որի համար շնորհակալություն է հայտնել բոլորին:
«Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների եւ բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարեւորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է, եւ հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով»,- նշել է նա:
Նա շեշտել է նաև, որ երկրի եւ ժողովրդի շահերը առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իր պատգամավորական գործունեության հիմնական առանցքը՝ նշելով, որ որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար ջանք չի խնայել Եվրոպական միության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման եւ առաջխաղացման համար: Աբրահամյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ ինքն արձանագրել է կարեւոր ձեռքբերումներ։
«Շնորհակալ եմ մեր պետության այս կարեւորագույն շրջանում ինձ տրված քվեի եւ վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»,-եզրակափել է Աբրահամյանը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն էր տարածել Գայանե Աբրահամյանի հրաժարականի դիմումի մասին: Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 25-ին: Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ «Իմ քայլից» մանդատը վայր էր դրել Արսեն Ջուլֆալակյանը: Արմեն Փամբուխչյանը ևս վայր է դրել մանդատը և տեղափոխվել գործադիր՝ զբաղեցնելով ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
2819 դիտում
13:07 25-09-2020
«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա դիմել է ԱԺ նախագահին
2840 դիտում
10:01 10-09-2019
Էդգար Առաքելյանի` մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21094 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու