211652_close_icon
views-count1349 դիտում article-date 10:38 22-09-2020

Oրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեկ անգամ արդեն փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովը կարծես թե չի հասցնում այդ ժամկետում ավարտել աշխատանքները ու ներկայացնել հայեցակարգը: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով՝ ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սակայն հաշվի առնելով մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը՝ որոշում կայացվեց փոխել ժամկետները, և սահմանվեց, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եվ, ահա, չնայած 16 հիմնական անդամից բաղկացած հանձնաժողովն արդեն նիստեր անցկացնում է, սակայն ոչ ինտենսիվ կերպով, և փետրվարից մինչև այժմ երեք հարցի վերաբերյալ է քվեարկություն արել և այն ներառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. դրանք են՝ կառավարական խորհրդարանական համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում և Գերագույն դատարանի ստեղծում: Ընդ որում, եթե մյուս երկու որոշումները հեշտ են կայացվել, ապա վերջին որոշումը կայացվել է մեկ ձայնի տարբերությամբ: Իսկ այժմ, մեր տեղեկություններով, օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է: Հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքներից 3 և ավելի անհարգելի բացակայություն ունեցող անձին կարող են հեռացնել հանձնաժողովից: Սա ևս պատահական չէ, քանի որ յուրաքանչյուր ուրբաթ նախապես նախատեսված նիստերը հաճախ չեն կայանում հանձնաժողովների անդամների՝ զբաղված լինելու կամ նիստերին չներկայանալու պատճառով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր