211652_close_icon
views-count1564 դիտում article-date 11:53 10-09-2020

2020-ի օգոստոսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է 2,5 %-ով՝ 2019-ի օգոստոսի համեմատ, բայց սոցիալական կոլապս և ճգնաժամ չունենք. վարչապետ

Աներկբա է, որ համաճարակը էական սոցիալ-տնտեսական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է գնահատել, թե որքան են այդ վնասները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ սոցիալական վատթարացման իրավիճակի վերաբերյալ կարող է վկայել հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառությունը․ 2020 թվականի օգոստոս ամսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով՝ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ: «Այսինք առևտուր՝ բոլոր տեղերում, նվազել է 2,5 տոկոս և այսպիսի ցածր ցուցանիշի նոր ենք հասել: Այս թիվը ինքնին պետք է վկայի այն մասին, որ որևէ կասկած չա, որ սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք եղել են նաև 2019 թվականին, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ միանշանակ չունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է նվազման ցուցանիշին, վարչապետն ասաց, որ թեև այս տարի այստեղ են մարդիկ, ովքեր նախորդ տարի արտագնա աշխատանքի են եղել, սակայն պետք է հաշվի առնել, որ այստեղ չեն նաև զբոսաշրջիկները, որոնք շատ ավելին են ծախսում, քան տեղացիները: Նա նկատեց, որ չեն աշխատում թանգարանները, կինոթատրոնները, Երևանի հյուրանոցները դատարկ են, ուղևորափոխադրումներ չկան, տոմսեր չեն առնում, հարսանիքների թիվը մինչև օգոստոսի կեսը մինչև 20 հոգի էր թույլատրվում: Վարչապետը նշեց նաև, որ ՀԴՄ կարգապահությունը համավարակով պայմանավորված ամենաբարձր մակարդակում չէ: «Այս թվերը աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, չկա, սակայն այն, որ սոցիալական, տնտեսական վիճակի վատթարացում կա, դա ակնհայտ է: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163,4 միլիարդ դրամ՝ երեկվա դրությամբ: Այս միջոցառումների մեջ առանձնակի դեր են տանում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները և կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա էր 613 062 աշխատատեղ, որը 2019 թվականի համեմատությամբ ավելի է 6 597 աշխատատեղով կամ 1,1 տոկոսով, այսինքն՝ ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք: Ընդ որում՝ աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 8,3 տոկոսով ավելի է և մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի է 13 841 դրամով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր