211652_close_icon
views-count1971 դիտում article-date 23:16 09-09-2020

Վաստակաշատ արվեստագետ Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 9-ին վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը ծննդյան 90-ի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Աթոյանցը ասել է. «Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։ Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։ Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, անշահախնդիր նվիրման շնորհիվ։ Շնորհավորելով հոբելյարին` նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նրան արժանապատիվ քաղաքացու օրինակելի կերպարի, մտավորականի արժանապատիվ կեցվածքի համար և ընդգծել նրա` արվեստագետին բնորոշ ազատությունը, անսահման կենսասիրությունն ու հումորի անսպառ զգացումը։

Նմանատիպ նյութեր