211652_close_icon
views-count1837 դիտում article-date 19:26 09-09-2020

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Գյումրու մարզային կառույցն անցկացնում է պանելային քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Գյումրու գրասենյակում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Գյումրին այսօր» խորագրով, որի ընթացքում անդրադարձ կատարվեց բիզնես, ՏԻՄ, մարզական, մարդու իրավունքների, տուրիզմի, կրթության, մշակույթի, ՏՏ ոլորտների խնդիրներին ու հնարավոր լուծումներին։ Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը նկատեց, որ Գյումրին բիզնես ոլորտի համար հրապուրիչ չէ, քանի որ շուկան փոքր է՝ ծանրաբեռնված զանազան խնդիրներով ու ռիսկայնությամբ։ «Խոշոր բրենդները չեն ուզում Հայաստանի մարզերում մասնաճյուղեր բացել, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է լրջորեն մտածի այդ բիզնեսներին հարկային արտոնություններ տալու մասին, որոնցից մեկը կարող է լինել, օրինակ, ԱԱՀ-ից ազատումը»,-նշեց Մկրտչյանը։ Գյումրիում զբոսաշրջային ոլորտի խնդիրները ներկայացրեց տուրիստական գործակալության հիմնադիր Նաիրա Գրիգորյանը՝ նշելով, որ այն, ինչ կարող է զբոսաշրջությանը տալ Գյումրին՝ որպես մարզկենտրոն, չի կարող տալ և ոչ մի ուրիշ քաղաք։ «Տարիներ շարունակ Գյումրին զբոսաշրջային ուղղություններից դուրս է մնացել։ Գուցե պատճառն այն էր, որ մարզում չունեինք տուրիզմի լավ մասնագետներ։ Այժմ ուրախությամբ պետք է փաստեմ, որ դեպի Գյումրի զբոսաշրջային ուղղությանը զուգահեռ Շիրակի մարզում զարգանում է նաև գյուղական տուրիզմը»,-ասաց Նաիրա Գրիգորյանը՝ հավելելով, որ զբոսաշրջային ոլորտը նկատելի զարգացում կապրի, եթե լուծվեն նաև ճանապարհային խնդիրներն, ու Գյումրին պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը։ Կրթական ոլորտի առաջնային խնդիրների մասին խոսեց Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ այսօր ոչ թե կրթության որակի բարձրացման ուղղությամբ են աշխատում, այլ օպտիմալացման։ «Կա միտում, որ Երևանյան չորս բուհերի մասնաճյուղերը միավորեն մեկ շենքում, ինչն ինձ համար անտրամաբանական է։ Մյուս խնդիրը պահանջված մասնագիտացումների բացակայությունն է։ Այս պահին Շիրակի մարզում զարգանում են սննդի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, բայց մարզի բուհերում նման մասնագետներ չեն պատրաստում»,-ասաց Համբարյանը։ Անդրադառնալով մարդու իրավունքների ոլորտին՝ փաստաբան Թամարա Յայլոյանը նշեց, որ «հեղափոխությունից հետո մարդու իրավունքների ոլորտը հետընթաց է ապրել»։ «Դատական պրոցեսներն ամիսներով, տարիներով շարունակվում են։ Իհարկե, ասում են՝ դատարանները ծանրաբեռնված են, բայց իրականում նաև ցանկություն չկա՝ այդ գործերը հասցնելու ավարտին»,-ընդգծեց Յայլոյանը։ Նկատելով, որ այսօր լուրջ պատերազմ է ընթանում մշակութային դաշտում՝ արվեստաբանության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը նշեց, որ մեր օրերում այլևս չեն ստեղծվում հայրենասիրական արվեստի գործեր, որոնք համապատասխան ազդակներ կփոխանցեն հանրությանը։ «Մենք՝ որպես գյումրեցիներ, անգամ աղետներից ենք փորձել դուրս գալ մշակույթի միջոցով։ Մարդիկ անգամ վշտի մեջ են մշակույթը դարձրել հենակետ։ Բայց այսօր Գյումրին նույնիսկ պատկերասրահ չունի, որտեղ մեկ տանիքի տակ կներկայացվեն մարզի բոլոր հայտնի նկարիչները»,-ասաց Մարգարյանը՝ նշելով, որ բազմաթիվ դրամաշնորհներ են հատկացվում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման, բայց ոչ ազգային արժեքների պահպանման նպատակով։ Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանն էլ անդրադաձավ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը՝ ընդգծելով, որ այս ոլորտում խնդիրներն իրենց բազմազանությամբ ու բովանդակությամբ փակ շրջան են հիշեցնում։ «Մարզերում այսօր արդյունավետ կառավարիչներ «չեն ծնվում»։ Եվ հարց է ծագում՝ արդյո՞ք կառավարությունն իրապես ցանկանում է, որ մարզերում ձևավորվեն ինքնուրույն ՏԻՄ-եր, և արդյո՞ք մարզային համայնքները ցանկանում են պատասխանատվություն վերցնել»,-ասաց Համբարձումյանը։ Գյումրիի օրվա առիթով կազմակերպված պանելային քննարկման երեք տասնյակից ավելի մասնակիցները նաև հարցեր ուղղեցին բանախոսներին՝ քննարկումներ ծավալելով քաղաքի «ցավոտ» խնդիրների շուրջ։ Առաջիկայում նաև նեղ ոլորտային քննարկումներ կանցկացվեն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր