211652_close_icon
views-count1402 դիտում article-date 16:02 27-08-2020

ԵՊԲՀ-ն ընդունեց ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր դիմավորեց ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, պահպանելով հակահամաճարակային կանոնները, առաջին կուրսեցիների հետ հանդիպումները համալսարանում իրականացվեցին փոքր խմբերով՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանի, փոխդեկաններ՝ Ռաֆայել Մեսրոպյանի, Վարդուհի Պողոսյանի և Բենիամին Բադալյանի գլխավորությամբ: Ապագա բժիշկներին ողջունեց նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը ողջունեց ապագա բժիշկների մուտքը 100-ամյա բուհ: «Դուք մեկդարյան պատմություն ունեցող բուհի առաջին կուրսեցիներն եք, մուտք գործելով կյանքի նոր փուլ՝ սկսեք և շարունակեք ձեր ճանապարհը պատվով ու հարգանքով: Ձեր կյանքում կլինեն տարբեր իրավիճակներ. կտեսնեք հիվանդներ, որոնց դուք եք բուժելու, կլսեք երեխաների ճիչեր, որոնք լցնելու են ձեր սրտերը ջերմությամբ»,- ասաց դեկանը՝ հիշեցնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի առաջնագծում կանգնած են ԵՊԲՀ շրջանավարտները: «Նրանք սփռված են աշխարհով մեկ և ամենապահանջված ու որակյալ մասնագետներն են: Դուք եկել եք նրանց փոխարինելու, այդ բժիշկների արժանի սերունդը լինելու»,-շեշտեց Կարինե Բարոյանը: Անդրադառնալով ուսումնական գործընթացին՝ դեկանն ասաց, որ բուհն ամեն ինչ անում է այն բարձր մակարդակով ու որակով կազմակերպելու համար: «Դուք տալու եք Հիպոկրատի երդում, որը ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքում: Ծանր է Հիպոկրատի գլխարկը, հետևաբար պետք է պատվով կրել այն»,-ընդգծեց դեկանը: Կարինե Բարոյանը, ներկայացնելով փոխդեկաններին, փաստեց, որ դեկանատի դռները միշտ բաց են բոլոր հարցերի և խնդիրների դեպքում: «Դուք երբեք անպատասխան չեք մնա: Այն ձեր խնդիրները լուծող, ձեր առաջընթացը և հաջողություններն արձանագրող օղակն է»,- ասաց նա՝ ուսանողներին ներկայացնելով իրենց իրավունքներն և պարտականությունները, բուհում գործող կարգերը՝ հիշեցնելով. «Կարգապահությունը լավ բժիշկ դառնալու համար առաջին գրավականն է, հաջորդը՝ գիտելիքն է, որը ուժ է տալիս»: Հիշեցնենք, որ 2020-2021 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է դիմել 1086 դիմորդ, որից 719-ն ընդունվել է ԵՊԲՀ: Ընդհանուր բժշկության ֆակուլտետում կսովորեն նրանցից 462-ը:

Նմանատիպ նյութեր