211652_close_icon
views-count2326 դիտում article-date 16:25 01-09-2018

Բժշկական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղ առավոտից ԵՊԲՀ-ում չնայած ոչ աշխատանքային օրվան այսօր եռուզեռ է: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այս տարի ընդունվել է 421 առաջին կուրսեցի: Համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն ապագա բժիշկներին սեպտեմբերի 1-ին դիմավորեցին ԵՊԲՀ ղեկավարությունը և ֆակուլտետների դեկանները: Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտության և Ռազմաբժշկության ֆակուլտետներ, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջ ընդունված առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին 2018-2019 ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նա հերթով այցելեց տարբեր լսարաններում անցկացվող հանդիպումներին: Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրը հիշարժան է, քանի որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը նոր ուսանողներ է ընդունում, որոնք ևս պետք է ոչ միայն պատիվ բերեն համալսարանին, այլև փրկեն այն մարդկանց կյանքը, ովքեր դիմելու են իրենց առաջիկայում: Բժշկական համալսարանի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական հաջողված գործունեություն է իրականացնում աշխարհի 40 երկրի լավագույն առողջապահական կազմակերպություններում, ինչը վկայում է այն մասին, որ ԵՊԲՀ-ում ստացած կրթությունը մրցունակ է: «Ուսանողը մեզ համար առանցքային նշանակություն ունի, սակայն այն ուսանողը, որը պրպտում է, անգամ եթե որևէ բան չի ստացվում աշխատում է իր սխալների վրա և դրսևորում է տոկունություն»,- ասաց բուհի ղեկավարը՝ անդրադառնալով նաև այն ուսանողակենտրոն կառույցներին, որոնք միտված են սովորողների իրավունքների և պարտականությունների սահմանմանը, ուսումնական գործընթացում առաջացող խնդիրների վերհանմանն ու լուծմանը: Նա խոսեց նաև բժշկության ոլորտում մարդկային շփման, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների դերի մասին, որոնց չեն կարող փոխարինել նորագույն տեխնոլոգիաները: Տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է բժշկության առաջընթացին, բայց չի կարող լրացնել շփման բացը: Ռեկտորն ընդգծեց, որ բուհը որդեգրել է միջազգայնացման ճանապարհը և այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում: Կարճ ժամանակ անց այսօր առաջին անգամ բժշկական բուհ ոտք դրած ուսանողները ևս ակտիվ մասնակցություն են ունենալու համալսարանում տեղի ունեցող բոլոր գործընացներին: Ռազմաբժշկության ֆակուլտետում առաջին կուրսեցիներին ողջունելիս՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ տասնամյակներ շարունակ այս ֆակուլտետի շրջանավարտներին հաջողվել է ոչ միայն բուժել, այլև պաշտպանել: Ամփոփելով հանդիպումների շարքը և շնորհավորելով առաջին կուրսեցիներին Գիտելիքի օրվա առթիվ ռեկտորը կարևորեց աշխատասիրության, պատասխանատվության, նախաձեռնողականության դրսևորումը, ինչպես նաև ուսուցիչների, ավագ գործընկերների նկատմամբ խորը հարգանքի առկայությունը: Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, դասավանդվող առարկաների ցանկը, խոսեցին նաև քննությունների անցկացման, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր