211652_close_icon

Ես լավատես չեմ պետական մարմինների վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

views-count1712 դիտում article-date 15:08 20-08-2020
Ես այդքան էլ լավատես չեմ մարզպետարանի կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ, փոխարենը մտածում եմ, որ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն գործընթացը, իրենք գնահատեն, օրինակ, իրենց քաղաքապետի աշխատանքը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե քաղաքացին վերահսկողությունն իր պարտականությունը չի համարում, կարելի է լարվել՝ 1 տարի, 2-3 տարի, վերահսկողություն սահմանել առավել խիստ, բայց եթե քաղաքացի-իշխանություն հարաբերությունների խորքային, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, ժամանակավոր մի բան կլինի, հետո ամեն ինչ «դարձ ի շրջանս յուր» տեղի կունենա»,- նշեց նա: Նրա խոսքով՝ ապակենտրոնացման առումով ևս խնդիր կա. «Զգում ես, որ քաղաքացին ուզում է վարչապետին ինչ-որ բան ասել, և պարզվում է, որ ինքն ուզում է՝ իր դարպասի դիմաց գտնվող ճանապարհահատվածը՝ 3 քմ, բարեկարգվի. ով պետք է լուծի այդ հարցը, եթե ոչ վարչապետը: Մեր քաղաքական ուղերձը միշտ նույնն է եղել՝ ուզում ենք, որ քաղաքացին կապ տեսնի իր գործողության և իրականության միջև»,-ասաց նա՝ նշելով, թե դրա համար իրենց շատ քննադատում են և կքննադատեն: «Որ համատարած ավերակ է մեր երկրում, եկեք խոստովանենք. այսօր գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, սա արեցինք, նա արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ են նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում 1 տարում, բայց իրականում դեռ այնքան պետք է կառուցենք: Համայնքներում էլ ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ: Ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը, և դրա արդյունքն ստացվել է»,- ասաց նա՝ հավելելով, թե իր ընկալած քաղաքական փիլիսոփայությունն այն է, որ քաղաքացու գործողությունը անմիջական ազդեցություն է ունենում իրականության մեջ. «Մենք ինչքան ուժեղացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան կունենանք ուժեղ պետություն՝ բոլոր առումներով՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսությունից, առողջապահությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր