211652_close_icon
views-count2836 դիտում article-date 20:30 09-08-2020

Հայկ Բալանյան. Երկրին ծառայելը, երկրում ապրելը հայ լինելու հետ մեզանում չի կապվում

Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն որ հայերի մեջ կան վախեր այլազգիների ներգաղթի պարագայում՝ նորմալ է: Բոլոր ազգերի մոտ կան նման վախեր օտարի, անծանոթի, ուրիշի նկատմամբ: Բայց մի քանի հանգամանք պիտի ընդգծեմ: Այդ վախը մեր մոտ ունի նաև ոչ թե ազգայնական արմատ, այլ համայնքային, և նաև ոչ թե քաղաքական է, այլ ապաքաղաքական է: Հիշացնեմ կոնտեքստը, խոսքը գնում էր քրիստոնյա, սեփական պետականություն չունեցող ժողովուրդների մասին՝ ասորիների ու արամեացիների: Մեջքներին պետության չկա, ու դեռ մեծ հարց է. կգա՞ն, թե կնախընտրեն Շվեդիա ու Հոլանդիա: 98 տոկոս հայկական ժողովդրագրական գերիշխանությամբ պետության ներքո մի քանի հազար ներգաղթյալից, որոնց մեծ մասը կամ հայ ընկեր պիտի ունենար, կամ խառը ամուսնություներով ազգականներ, եթե նախընտրել են Հայաստանը՝ վախենալը մեր համար իսկապես սազական չի: Այդ վախը ոչ թե պետականություն ունեցող ազգի ինանպաշտպանությունն է, այլ միլիեթի վախն է: Այն որ միլիոններով հայերը արտաղագթում են, և ոչ ոք մեզանում չի համարձակվում արտագաղթածներին ասել դավաճան, դասալիք՝ դրա վկայությունն է: Որովհետև երկրին ծառայելը, երկրում ապրելը հայ լինելու հետ մեզանում չի կապվում: Տարբերություն չենք դնում, Սիկտիվկարում ու Հարավային Աֆրիկայում էլ է հայ, որովհետև արյունով է հայ, չնայած կարող է ինքն էլ չի հիշում դրա մասին: Բայց եթե այլազգին Հայաստանի մեջ դառնում է քաղաքականպես հայ, ծառայում է, կատարում է իր քաղաքացիական պարտականությունները, ինտեգրվում է, դեռ մի բան էլ ավել օգուգտներ է բերում երկրին՝ հանկարծ պարզվում է, որ մի այլ հայ վնասարարից, որը բացի արյունով հայ ծնվելուց ուրիշ «արժանիք» չունի՝ ավելի արժեքավոր է: Այլազգին Հայաստանի մեջ ինտեգրվելուց, ասիմիլացվելուց հետո այլ ճանապարհ բացի քաղաքական ազգայնականություն՝ չունի: Եվ այդ պարագայում մրցակցությունը շարքային չքաղաքականացված, էթնոգրաֆիկ, հայուգեն հայի նկատմամբ հաղթում է: Ցույց է տալիս, թե ինչպես կարելի է լինել ավելի արժեքավոր ու օգտակար, ստիպում է բացի արյունով հպարտանալուց նաև աշխատել ու ծառայել, այսինքն քաղաքականացվել: Իսկ մարիդկ սովոր են. արյունով ծնվել եմ՝ բավարար է, ստեղ ապրում եմ՝ ըդնհանրապես հարց չկա: Մինչդեռ նեոֆիտները ինտեգրվելուց, «շուռտված» դառնալուց՝ տիտղոսային ազգից բեթար ազգայնական են դառնում: Այդ մրցակցությունից են որոշ մարդիկ վախենում: Այդ քաղաքականացումն է հարցեր առաջացնելու սփյուռքի նկատմամբ նաև: Դա է պատճառը, որ արտագաղթածները այդքան դեմ են նման տեսական ներգաղթին: Նման ներգաղթը ու նեոֆիտների հայ ազգի մեջ քաղաքական ինտեգրացիան այսպես ասած «ապալեգիտիմացնում» է արտագաղթը, որպես հայությունը պահպանելու չկաշկանդող միջոց, և որը մենք այդչափ սիրում ենք: Վախի մյուս պատճառը իհարկե թերարժեքությունն է: Ազգայնականը համարում է իր մշակույթը և լեզուն լավագույնը, հզոր ու այլ ազգերին պարտադրելու, արտահանելու ու ընդարձակելու համար անպատճառ պարտադիր: Մտքով չի անցնում վախենալ ոչ թաթրեբիից, ոչ սոմեխիից, ոչ армяшка-чурка ներից: Հլը մի հա՛տ հայերեն խոսեք ու հայկական անուններ դրեք երեխաներին: Սա մարտահրավեր է, որը հայությունը պաշտպանվելուց դարձնում է հարձակողական, և իհարկե կլանող ու այլ կապերից ու տարրերից չվախեցող: Այդ մարտահրավերը կրկին ստիպում է լինել քաղաքական հայ և ամեն օր ու ժամ, և ոչ թե ծուլորեն նստել ու վայելել արյունով տրվածը: Իհարկե, ամեն ազգ ունի իր պաշտպանական մեխանիզմները ու ներգաղթի մտածված ու հաշվարկված քաղաքականությունը այդ ինքնապաշտպանության տարրերից է: Բայց վերջին քննարկումների կոնտեքստում, երբ խոսքը գնում է քաղաքականապես թույլ, սեփական պետություն ստեղծելու ունակություն չունեցող, և երկրաժամկետ հեռանկարում ձուլման դատապարտված ժողովուրդների ինչ-որ չնչին մասի հիպոտետիկ ներգաղթի մեջ՝ տեսնում եմ ոչ թե ինքնաբավ, իր անդրանիկության վրա վստահ ազգի ազգայնականություն, այլ պետություն չունեցող համայնքային ժողովդրի վախեր, ոչ թե պետականության մասին մտահոգություն, այլ սեփական մշակույթի, ազգի, լեզվի ձգողականության ու հզորության նկատմամբ թերհավատություն: Եթե այդ վախերը չհաղթահարենք, ապա իսկապես արժանի ենք 2 միլիոն մնալ հավերժ: Մինչդեռ ես վստահ եմ, որ մենք կարող ենք ու պարտավոր ենք աճել ու տարածվել, ընդարձակվել ու կլանել: Այս հանգամանքների մասին է պետք մտածել»:

Նմանատիպ նյութեր