211652_close_icon
views-count1992 դիտում article-date 23:25 06-08-2020

Ո՞րն է Ամուլսարի փակուղուց դուրս գալու ելքը. Ատոմ Մարգարյանի բաց նամակը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/08/06/1127987/?fbclid=IwAR3_SKa_nwFbwLL1P9gA9bzbUAoWaA4bBbaBkw5Q52uxkAHMD1-0MzwbnHA]Aravot.am[/url]-ը գրում է. Նախկին պաշտոնյաները պետք է հատուցեն Սևանա լճին պատճառած ահռելի վնասը, իսկ Որոտան-Արփա թունելը անհրաժեշտ է անհապաղ արգելաբացել [b]Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին[/b] Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամուլսարում կանգնած է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ։ Այն քաղաքացին, որը երկու տարի առաջ փակեց երկրի բոլոր ճանապարհները, այդ թվում՝ Ամուլսար տանող ճանապարհը, բաց ու անցանելի թողնելով միայն մեկ՝ Ձեր և Ձեր քաղաքական թիմակիցների համար քաղաքական իշխանություն տանող ճանապարհը։ Փոխարենը Դուք խոստացաք արդարաբար, ՀՀ օրենքների շրջանակներում լուծել երկրի՝ տասնամյակներով կուտակված մեծ ու փոքր խնդիրները, այդ թվում՝ Ամուլսարի խնդիրը։ Այն ժամանակ ցերեկվա լույսի նման պարզ էր, որ Ամուլսարի խնդրում որոշումներ կայացնելիս նախկին պաշտոնյաները թույլ են տվել ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներ ու հիմնավոր կասկածներ կային առ այն, որ Ամուլսարում հանքարդյունաբերության հայտնի նախագծին թույլտվություն տրամադրելու ընթացքում պաշտոնյաները թաքցրել են շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների վերաբերյալ տվյալները ու այդ հիմքով 2018թ. օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ։ Ի՞նչ վիճակում է այդ գործը, ինչո՞ւ առաջխաղացում չկա։ Համոզված եմ՝ քննիչները պրոֆեսիոնալ են ու պատշաճ են կատարում իրենց գործը, սակայն, ինչպես երևում է, գործի առաջխաղացման համար քաղաքական որոշում է պետք, ինչը չկա կամ ուշանում է։ Մինչդեռ, Ամուլսարում ներկա իրադարձությունների ուժային էսկալացիան ու բախումները երկրի քաղաքացիների ու ոստիկանության զորքերի միջև կարող է անկանխատեսելի, ողբերգական հետևանքներ ունենալ ու, քաղաքականացվելով, ձնագնդու էֆեկտով, գլորվելով-մեծանալով, մինչև Երևան իջնել ու իր ճանապարհին սրբել ամեն ինչ։ Սա զարգացումների ծայրահեղ անցանկալի տարբերակ կլինի, քանի որ, իմ խորին համոզմամբ՝ դա երկիրը կարող է ներքաշել երկարատև քաոսի, անիշխանության ու բախումների հորձանուտի մեջ, այն էլ՝ պատերազմող երկրում։ Մինչդեռ, Ամուլսարի խնդիրը մի սովորական հանք բացել-փակելու հարց չէ։ Այդ խնդիրը «թավշյա կառավարության» ստեղծած խնդիրը չէ։ Այդ օրակարգը ձևավորել են նախկին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները՝ իրենց կամայական որոշումներով, ու խիստ անխոհեմ քայլ կլինի, էստաֆետը վերցնելով, կուլ տալ այդ խայծը ու ուժով փորձել լուծել մի խնդիր, որը ուժային դաշտում լուծում չունի։ Ակնհայտ է նաև, որ Ամուլսարի խնդիրը շատ ավելի մեծ, համակարգային՝ երկրի ջրային, էներգետիկ, բնապահպանական, պարենային ու ռազմաքաղաքական անվտանգության խնդիրներին հատվող-հակասող խնդիր է, որը վերջին մեկ ու կես տասնամյակի որոշումներ կայացնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ակնհայտորեն հաշվի չեն առել, միտումնավոր թե շահադիտորեն՝ դրա աղետալի հետևանքները անտեսել են։ Լեռնահանքային ծրագիր մշակելիս ու թույլտվություններ տրամադրելիս, նաև Ջերմուկի՝ որպես հիմնական ազդակիր համայնքի, շահերը ակնհայտորեն անտեսվել են ու այդ հանգամանքը այսօր որպես բումերանգ վերադառնում է հուժկու ընդվզման տեսքով։ Համոզված եմ՝ ոստիկանական բռնությամբ այդ պոռթկումը զսպել հնարավոր չէ։ Ընդ որում՝ խնդիրը միայն Ջերմուկը չէ։ Այդ պատճառով, խնդրի լուծման միակ ճանապարհը, ըստ իս, որքան էլ պարադոքսալ հնչի, Ամուլսարի օրակարգը ձևավորած նախկին ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության կանչելն է ու, օրենքի ուժով, նրանց հարկադրելը՝ փոխհատուցել իրենց անօրինական որոշումների հետևանքով պետությանը պատճառած ահռելի վնասները։ Բնականաբար, այդ համատեքստում անհրաժեշտ է չեղյալ համարել Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքի շահագործման թույլտվությունը, իսկ հավակնորդ ընկերությանը՝ մասնակի փոխհատուցում վճարել։ Սա է խնդրի լուծման իրատեսական ճանապարհը։ Մնացած բոլոր տարբերակները փակուղային են, այդ թվում՝ արբիտրաժային քննությունները։ Հիմնավորեմ առաջարկս։ Հարգելի՛ պարոն վարչապետ, ամենակուլ համավարակի ֆոնին ներկայի առաջնահերթ խնդիրները վերաբերում են բնակչությանը և բանակին կերակրելու, երկրի պաշտպանության և անվտանգության մակարդակը բարձրացնելու, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, երկրի արդիականացման հույժ կարևոր հարցերի լուծումներին։ Դրան գումարվում է երկրի շրջակա միջավայրի ծայրահեղ աղետալի կացությունը։ Դա հատկապես վերաբերում է Սևանա լճին։ Արդարև, Սևանա լիճը այսօր բնապահպանական աղետի եզրին է։ Երրորդ տարին է, ինչ այն գրեթե ողջ մակերեսով կանաչում-ծաղկում է, ազդանշան տալով առաջիկա տարիներին իսպառ ճահճանալու խիստ անցանկալի հեռանկարի մասին։ Թե դա ինչ է նշանակում, երևի թե պարզաբանել պետք չէ. երկրի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը կորցնելով, մենք, առանց չափազանցության, ըստ էության կկորցնենք Հայաստանը։ Եվ հակառակը՝ այն պահպանելով ու զորացնելով, մենք անգերազանցելի ռազմավարական դիրքավորում և առավելություն կունենանք մեր ոխերիմ ախոյան-հարևանների նկատմամբ, քանզի այժմ և առաջիկայում քաղցրահամ ջրի խնդիրը դառնալու է այս տարածաշրջանում տեղաբաշխված երկրների գլխավոր մրցակցային առավելություններից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը։ Սակայն այնպես չէ, որ այս խնդիրը նոր է գիտակցվում և նախկինում քայլեր չեն արվել։ Դրանք եղել են, սակայն, ի վերջո, կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի շահերը գերադասվել են նախկինում ձեռնարկված՝ Սևանա լճի հիմնախնդրի համալիր լուծմանը միտված ազգային-ռազմավարական ծրագրերի շարունակման պարտադրանքին։ Հասկանալի է, նախին ռեժիմի պարագլուխները և նրանց նազիր-վեզիրները այդ խնդիրը չէին լուծի, քանի որ նրանց համար Հայրենիքը սոսկ փակ բաժնետիրական ընկերության նման մի բան էր, իսկ նրա քաղաքացիները և բնական հարստությունները՝ ընդամենը իրենց անհամար բիզնես նախագծերի … ռեսուրսներ։ Այդ պատճառով էլ մարդիկ ընդվզեցին, եղավ հեղափոխություն, այդ պատճառով էր, որ կատարվեց անհնարինը՝ մարդիկ հեռացրեցին նախկիններին, հույս ունենալով, որ դարձան իրենց ճակատագրի տերը՝ իրենց քվեով։ Ասվածի համատեքստում՝ ողջունելի են այդ խնդիրների լուծման ուղղությամբ Ձեր ամենօրյա ջանքերը, մասնավորապես՝ երկրի գյուղատնտեսությունը զարգացնելու ու պարենային անվտանգության խնդիրները օր առաջ լուծելու ուղղությամբ։ Մինչդեռ, աքսիոմա է՝ գյուղատնտեսությունը իսկապես զարգացնելու համար առաջին հերթին միլիարդավոր խորանարդների ոռոգման ջուր է հարկավոր։ Բայց որտեղի՞ց վերցնել կենարար հեղուկի այդ պաշարը։ Իմ կարծիքով, գլխավոր լուծումներից մեկը, ընդ որում՝ պատրաստ վիճակում, դրված է Ձեր սեղանին։ Մնում է քաղաքական կամք դրսևորել ու կատարել այդ քայլը։ Մի բան, որ չեն արել (ու՝ չէին էլ անի) Ձեր համապաշտոնյա նախկինները։ Խոսքը, իհարկե, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները կապող ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ ԹՈՒՆԵԼԻ ամբողջ ծավալով գործարկման ու դեպի Սևանա լիճ օրենքով նախատեսված՝ տարեկան 165 միլիոն խորանարդ մետր ջուր հավելյալ ուղղելու պարտադրանքի մասին է։ Գաղափար, որով սերունդներ են ոգեշնչվել ու շատերը, այո, իրենց կյանքն են դրել՝ այն իրականություն դարձնելու համար։ Կարճ հարցի նախապատմությունից։ Հայտնի է, որ 2004 թվականին ապրիլի 26-ին վերջապես շահագործման հանձնվեց Որոտան գետը Արփային կապող Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելը, որի կառուցման սկիզբը դրվել էր տակավին 1981 թվականին՝ Արփա-Սևան թունելի կառուցումից անմիջապես հետո։ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները (Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Ալեքսան Կիրակոսյան, Վլադիմիր Մովսիսյան և այլք) շատ լավ հասկանում էին, որ միայն Արփա-Սևան թունելով դեպի Սևանա լիճ տարեկան մղվելիք 250 միլիոն խմ ջրով լճի փրկության խնդիրը չի լուծվի, ուստի պետք է Որոտան գետից սկիզբ առնող նոր ջրատար թունելով՝ դեպի Սևան հավելյալ ուղղել տարեկան մինչև 200 մլն. խմ ջուր (Արփայի ջրերի 20-25 տոկոսը)։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Այդ ահռելի քանակի ջուրը Սևան ուղղելով, հնարավորություն էր ստեղծվում, ի վերջո, պահանջվող չափով (առնվազն 6 մետրով) բարձրացնել լճի մակարդակը, ու այդպիսով վերականգնել լճի էկոլոգիական հավասարակշռությունը, իսկ հավելյալ ջուրը անցկացնելով Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադով, այն, ի վերջո, ուղղել Արարատյան դաշտի այնքան անհրաժեշտ հողերի ոռոգմանը։ Այդ նախագծով նաև հնարավորություն էր ստեղծվում ժամանակի ընթացքում հավելյալ 25-26 միլիարդ խորանարդ մետր ջուր կուտակել Սևանա լճի բնական շտեմարանում՝ հեռահար, տարածաշրջանում ռազմավարական դիրքավորման նպատակներով։ Դա նաև թույլ էր տալիս հնարավորինս խուսափել հանրապետության բազմաթիվ վայրերում խիստ թանկարժեք ջրամբարների կառուցումից։ Մի կողմից, սա հիրավի Սևանի փրկության ու ապագայի համար քաղցրահամ ջրի ռազմավարական մեծ պաշարի կուտակման ծրագիր էր՝ մեծագույն տնտեսական, էներգետիկ ու բնապահպանական, ինչու չէ, նաև՝ ռազմաքաղաքական օգուտներով հանդերձ, մյուս կողմից, ոռոգման ջրի մշտական դեֆիցիտ ունեցող ու անջրդիությունից բզկտված մեր գյուղատնտեսության համար դա պարզապես կենարար սնուցում կլիներ։ Դա նաև թույլ կտար կասեցնել ու դադարեցնել Արարատյան դաշտի արտեզյան ջրերի հետ կապված վայրագությունները, որոնք արդեն 2 տասնամյակ ուղղակի չարիք են դարձել հանրապետության բնապահպանության համար՝ անապատացնելով մեր բերրի հողերի թերևս միակ շտեմարանը։ Ի պատիվ վերը թվարկված մարդկանց անդուլ ջանքերի, չափազանց ծանր ժամանակահատվածում, մեծ ծախսերի գնով, Որոտան-Արփա թունելը կառուցվեց ու 2004թ.ին մեծ շուքով գործարկվեց։ Թունելի կառուցման ու գործարկման շարժառիթների, նպատակների, մոտակա ու հեռակա աննախադեպ շահավետ հետևանքների շուրջ ես երկարատև զրույցներ եմ ունեցել և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի երկարամյա տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի և ՀԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար, նորանկախ Հայաստանում Սևանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ, մարդիկ, որոնք մեծ հայրենասերներ, պայծառ մտավորականներ ու տնտեսական ստրատեգներ էին։ Նրանց հետ զրույցներից նաև պարզ էր դառնում, որ Սևանի մակարդակի հնարավորինս շուտափույթ բարձրացման ծրագիրը կապակցված էր նաև հայկական ատոմակայանի ծառայության ժամկետի սպառման, նոր ատոմակայանի կառուցման անորոշությունների հետ, ինչը հարկադրում էր երկրի էներգետիկ և ջրային հաշվեկշիռներում հավելյալ ռեսուրսներ կուտակել, տվյալ դեպքում՝ երկու տասնյակ միլիարդ լրացուցիչ քաղցրահամ ջրի պաշարի տեսքով, որը մասնակիորեն կարող էր օգտագործվել էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ փոխարինելով ԱԷԿ-ի սպառված հզորություններին։ Սակայն փաստենք՝ այն, ինչ տեղի ունեցավ 2004թ. Որոտան-Արփա թունելի փորձարկումից ու գործարկումից հետո, դուրս էր տրամաբանությունից, խելքից ու երևակայությունից։ Պատրաստի թունելը բառացիորեն մի քանի ամսվա ընթացքում վերին ինչ-որ հրամանով պարզապես արգելափակվեց։ Շատերի համար այսօրինակ զարգացումները հանելուկ էին։ Դա նշանակում էր, որ այդ ահռելի քանակի ջուրը Որոտան գետով բաց թողնելով դեպի հարավ՝ Արաքս գետով այն ուղղակի նվիրաբերել Ադրբեջանին ու զարգացնել նրա իռիգացիոն համակարգերն ու գյուղատնտեսությունը։ Ավելին, հենց 2000-ական թվականներին սկսվեց Սևանա լճի ափամերձ գոտու բարբարոսական յուրացումը մի քանի հազար մեծ ու փոքր «տնտեսավարողների» կողմից, որի ետևում անշուշտ կոռուպցիոն հսկայական շրջանառություններ էին։ Իսկ դա նաև լճի անվերահսկելի աղտոտման ստույգ գործոններից մեկն էր։ Դրան գումարվում էր քարաշեն, փայտաշեն շինություններով լճի ափերի անզուսպ կառուցապատման մոլուցքը, լճի մակարդակի որոշ բարձրացմանը զուգահեռ ափամերձ կանաչապատ տարածքների, ծառերի ու տարատեսակ շինությունների ջրասուզման անկասելի գործընթացը։ Ավելին, սա քիչ էր, մարդիկ, վերին մաֆիոզ պաշտոնյաների որոշումների հիման վրա սկսեցին լիճը վերածել …մեծ ձկնաբուծարանի, ինչը ուղղակի ծաղր էր ու խայտառակություն։ Մտածում ես՝ լավ, ինչքան չպետք է սիրես հայրենիքդ, որ այդքան դաժանաբար վարվես նրա բնության հետ, որ սեփական բիզնես շահից ու քթի ծայրից այն կողմ ոչինչ չուզենաս տեսնել։ Բնապահպանական խնդիրներին հետամուտ բազմաթիվ կազմակերպությունների, անհատների, մասնագետ-փորձագետների բողոքները, պահանջները՝ դադարեցնել լճի նկատմամբ իրականացվող բարբարոսությունը, մնում էին անպատասխան։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/08/06/1127987/?fbclid=IwAR3_SKa_nwFbwLL1P9gA9bzbUAoWaA4bBbaBkw5Q52uxkAHMD1-0MzwbnHA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր