Հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. ՍԴՀԿ հայտարարությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի ՍԴՀԿ-ն իր լիարժեք համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին։
Այս մասին ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Միևնույն ժամանակ կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին և չստեղծել ներազգային անհանդուրժողականության պայթունավտանգ մթնոլորտ, որը կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների։
Հնչակյան կուսակցությունը մեծ հույս է հայտնում, որ առկա քաղաքական ճգնաժամը կլուծվի փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մեծամասնության պահանջի՝ այն է խորհրդարանական ընտրություն անցկացնելու տրամաբանության ներքո»,– ասված է ՍԴՀԿ հաղորդագրության մեջ։