211652_close_icon
views-count210371 դիտում article-date 09:49 04-08-2020

Սպանություն՝ Լոռու մարզում. կինը «Բիոնիկ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերել է ամուսնու դին

Երեկ՝ օգոստոսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։05-ի սահմաններում Վանաձորի շտապօգնութան կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 1 հասցե, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վաչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ծառայողները՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Աշոտ Հակոբյանն էր, և որ նույն օրը, ժամը 20։40-ի սահմաններում, 57-ամյա Անահիտ Եղիազարյանը սպանության վայրում՝ «Բիոնիկ» ՍՊԸ-ին պատկանող բլոկի արտադրամասի տարածքում գտնվող շինության 2-րդ հարկում, հայտնաբերել է Ա. Հակոբյանի դին։ Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված ՍՊԸ-ում՝ որպես պահակ, իսկ Ա. Եղիազարյանը նրա կինն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր