211652_close_icon
views-count808 դիտում article-date 15:18 23-09-2026

Վաղարշապատցիներն ասում էին. «Հատուկ շնորհակալություն ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին, որ վերջապես մեզ փրկեցին ամեն օր ավտոմեքենաների «գերեզմաններ» հիշեցնող տեսարանից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ, այդ թվում երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր է հրապարակել, որոնցով պատկան մարմիններին ենք ներկայացրել Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի մոտ տիրող ոչ պատշաճ տեսարանի մասին, որի մասին հազարավոր էջմիածնեցիներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որպեսզի այդ տեսարանը վերացվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց գրեթե 20 տարի էջմիածնեցիների համար անդուր այդ տեսարանի «ապամոնտաժումն» իրականացվեց միայն ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի անմիջական աշխատանքի շնորհիվ, թեպետ այդ ամենը ո՛չ ՆԳ նախարար Ա․ Սարգսյանի, ո՛չ ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանի իրավասության մեջ չէր մտնում, բայց քանի որ հազարավոր բնակիչներ դիմել էին նրանց, ժամերի ընթացքում խնդիրը լուծվեց ի շահ էջմիածնեցիների։

Մեկ օր պահանջվեց, որ տարածքը մաքրվի տարիներ շարունակ մահվան ելքով վրաերթերի, ողբերգական ավտովթարների հետևանքով այդ տարածքում ավտոքարշակներով բերված ու կայանված՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաներից, իսկ որոշ հատվածներ էլ փնթի քաղաքացիների կողմից օգտագործվում էր որպես պետքարան։

Վաղարշապատի ոստիկանները բոլոր ավտոմեքենաները տեղափոխելուց հետո նաև կատարել են այդ տարածքի լվացման ու մաքրման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«20 տարի էդ ահավոր տեսարանին էինք ականատես լինում, 20 տարի էդ տարածքը դարձել էր վթարված մեքենաների «գերեզմանոց»։ Շատ ենք դիմել Արմավիրի մարզպետարան, Էջմիածնի քաղաքապետարան, բայց միայն խոստումներ էին տալիս։ Իսկ այդ ընթացքում մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաների քանակը ոչ թե պակասում, այլ ավելանում էր։ Ամբողջ երթևեկելի գոտու աջակողմյան հատվածը գրավված էր։ Հասել էր արդեն մինչև խաչմերուկ՝ լուսակիրների մոտ։ 

Ճիշտն ասած վերջին հույսով դիմեցին ՆԳ նախարար Ա․ Սարսգյանին և ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանին, բայց մտածում էինք նաև, որ դա իրենց իրավասության մեջ չէ ու էդպիսի պատասխան կստանանք։ Բայց դե մենք էլ մեր կանալներն ունենք ու իմացանք, որ հենց իրենց միջամտության ու հանձնարարականի արդյունքում այդ ամենը հեռացվեց։

Նաև շնորհակալություն ենք հայտնում Ա․ Սարգսյանին, Դ․ Խուդաթյանին և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներին, որովհետև հենց նրանք վերջապես մեզ փրկեցին ամեն օր այդ անհարմար տեսարանի ականատեսը լինելուց»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել, որով հազարավոր բնակիչների խնդրանքն էինք փոխանցել Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանին, որպեսզի վերջիններս իրագործեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, քանի որ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էջմիածնի բաժնի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի մոտ, անգամ հետիոտների համար նախատեսված վայրը վերածվել էր երկաթե ավտոմեքենաների «գերեզմանոցի»։

Հրապարակումից կարճ ժամանակ անց նշված կառույցներից տեղեկացրել էին, որ հաշված օրերի ընթացքում վարչապետի հանձնարարականը կկատարվի, սակայն սեպտեմբերի 18-ին կարծես թե իրավիճակը չէր կարգավորվել։

Թե ինչն էր պատճառը, որ սույն չինովնիկները արհամարհած ունեին վարչապետի հանձնարարականը, գուցե դրանով զբաղվեին վարչապետի վերահսկողական ծառայությունում։

Վերջին օրերին արդեն Էջմիածնի դատարանում սկսվել էր Ամենայն Հայոց Հայրապետի և 6 քահանաների դատավարությունը  և գաղտնիք չէր, որ այն լուսաբանելու համար նշված դատարան կժամանեին ոչ միայն հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները, այլև աշխարհի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և ինչքանով էր գեղեցիկ, որ միջազգային մամուլում հայտնվեր դատարանի վարչական շենքը ու դրան հարակից երկաթե ջարդոնի վերածված ավտոմեքենաների «գերեզմանոցը»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այս խնդրով այլևս չարժեր դիմել սույն պարոններին, ճիշտը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին դիմելն էր, ում շնորհիվ նման պատկեր կար Աշտարակում և Արմավիրում և հենց նրա շնորհիվ էր, որ հրատապ այդ ավտոմեքենաների աղբանոցները վերացվել էին։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր