211652_close_icon
views-count445 դիտում article-date 17:11 23-09-2026

7 օր շարունակ խմելու ջրի կորստի դեմը պատասխանատուները չառան, մինչև որ բնակիչների խնդրանքով գործին չմիջամտեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղովի փողոցի բնակիչների կողմից բարձրաձայնված խնդրի մասին, որտեղ բնակիչները տեղեկացրել էին, որ 1 շաբաթ է խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը կորչում է՝ հոսելով Եղիազարյան և Շինարարների փողոցներով ու նշում էին, որ ոչ Վեոլիա ջուրը, ոչ Աջափնյակի թաղապետարանը, որ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ոչինչ չէին անում, ինչից հետո էլեկտրոնային եղանակով այդ մասին տեղեկացրել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հանձինս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի, որպեսզի նրա միջամտության արդյունքում հարցը լուծվի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մ․ Մեսրոպյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջամտության շնորհիվ վաղ առավոտյան Վեոլիա ջուր ընկերության աշխատակիցները ժամանել և մեկ ժամվա ընթացքում հարցը լուծել են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ստացվում է, որ եթե նման խնդիր է առաջանում, էլ չարժե թաղապետարան ու Վեոլիա ջուր դիմել։ Ասած չասած մեկ է։ Տա Աստված որ էլ նման դեպքեր չկրկնվեն, բայց բոլորս էլ գիտենք որ ոչ միայն Երևանում այլև մարզերում նման խնդիրների պակաս չկա։ Ու այդ ժամանակ միանգամից խնդրանքով դիմելու ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մ. Մեսրոպյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Քաղաքապետարանի թեժ գիծ է չարժե, դրանք մենակ լավ գրանցում են կանչերը ու ստացվում է որ հարցը հրատապ լուծելու համար ճիշտը քաղաքապետին դիմելն է։ Ու այսօր վաղ առավոտյան Վեոլիայի բրւգադն եկավ ու մեկ ժամում խնդիրը լուծեցին։ Էն որ ասում է եթե պիտի անենք, ինչի՞ էիք թողնում որ 7 օր էդ զուլալ ջուրը կորչի»։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այն, որ «Վեոլիա ջուրը» հանրապետությունում բնակչության մեծամասնության մոտ բացասական գնահատականի էր արժանանում, դրա հիմնական մեղավորը հենց  «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության կողմից կատարված փնթի ու ոչ պարտաճանաչ աշխատաոճն էր։ Արդեն 1 շաբաթ էր՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղով փողոցի վերջնամասում՝ դեպի Եղիազարյան փողոց տանող հատվածում, ըստ բնակիչների խմելու ջրի մագիստրալի վնասման պատճառով ջուրը կորչում էր։

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղել «Վեոլիա ջրին», Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին, Երևանի քաղաքապետարանի թեժ գծին՝ ասելով, որ նշված 3 կառույցներն այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ կարծես ջայլամի կեցվածք ընդունած լինեին։

Բնակիչներն ասում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում թողնեն ջուրը կորչի։ Մինչդեռ շատ երկրներում եթե նման խնդիր է լինում, ժամերի ընթացքում վթարը վերականգնվում է։ Իսկ մեզ մոտ՝ Երևանում, 1 շաբաթ է այս խնդիրը կա, 1 շաբաթ է պատկան մարմիններին տեղեկացնում ենք խնդրի մասին, սակայն տպավորություն է, որ առաջնորդվում են «էշ, մի սատկի գարուն կգա» կարգախոսով։ Հարյուրավոր բնակիչներ կանոնավոր վճարումները կատարում են, անգամ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են տալիս, իսկ էս ջրի կորուստը վստահ ենք, «Վեոլիա ջուրը» մեր քթերից է հանելու։ Էլ չենք ասում, որ ջուրը լցվում է մարդկանց տների նկուղներ, ինչն էլ պարարտ հող է դառնում, որ տների հիմքերը թուլանան ու այն դառնա վթարային։

Մեկ շաբաթ է տեսանք, որ այդ 3 կառույցներում քար լռություն է, որ անտարբերություն են ցուցաբերում ու ստիպված այսօր առավոտյան էլեկտրոնային եղանակով խնդրի մասին տեղեկացրել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, վստահ լինելով, որ այդ հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, այս խնդիրը կլուծի։ Հույսներս հիմա միայն այդ հանձնաժողովն է, որ խմելու ջրի կորստի դեմն առնեն»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարված խողովակի ջուրը մոտ 3-4 կիլոմետր հոսում էր, իսկ թաղապետը, որ օրեր  առաջ ամպագոռգոռ հայտարարություններ էր տարածում, երբ Շինարարների փողոցում ապամոնտաժում ու քանդում էին մարդկանց հանապազօրյա հաց ստեղծելու համար օգտագործվող կրպակները, ասում էր, թե «ես ի շահ իմ բնակչի եմ այդ ամենն անում»։ Հետաքրքիր է, եթե մեկ շաբաթ է խմելու ջուրը քո վարչական տարածքում գնում, կորչում էր, ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չէր փորձում «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի գար ու վթարը վերացներ։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր