211652_close_icon
views-count3073 դիտում article-date 14:24 30-07-2020

Կառավարությունը շարունակում է մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման գործընթացը. ԲԳՎ կտրամադրվի մանկատան ևս 24 սաների

Գործադիրը լրացումներ է կատարել «Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող որոշման մեջ: Սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրեր ( ԲԳՎ) են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում: Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմել է շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում՝ շուրջ 50-ն արդեն ձեռք է բերել բնակարաններ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունում գործող համապատասխան հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու ևս 22 շրջանավարտներին ԲԳՎ տրամադրելու հարցը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ ավելի քան 130 դիմողների մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը՝ տարբեր պատճառներով: «Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին։ Այն է՝ պետք է 18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանա, սեփականության վկայական չունենա և վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։ Քննելով այս գործերը՝ մենք կառավարության անդամներին առաջարկեցինք քննարկել 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու հարցը»,- նշել է նախարարը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մանկատան սաների առաջ պետության ունեցած ամենամեծ պարատավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։ «Պարզ է, որ մենք հիմա այլ խնդիր ենք լուծում, բայց ես կրկին ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում ապահովվի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորությունը, և մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն։ Ցավոք, մենք շատ հաճախ ենք այդպիսի դեպքեր տեսնում, երբ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո հայտնվում են կյանքի փակուղում։ Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք բոլորովին նոր ուշադրություն մանկատան սաների կրթական հարցերի լուծման ոլորտում»,- ասել է վարչապետը։

Նմանատիպ նյութեր