Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լուրջ պրոբլեմներ է ունենալու առաջիկայում. Ռոբերտ Քոչարյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի օրակարգը կայացել է: Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր այդ արտահայտությունը հնչեցնելուց մեկ տարի հետո ինչպիսի իրավիճակ է ընդդիմադիր դաշտում, և արդյոք նպատակներին հասնելու համար հնարավո՞ր է կոնսենսուսի բերել հասարակությունը:
«Օրակարգի վերաբերյալ կարծում եմ, որ արդեն կայացել է, բոլոր ընդդիմադիր ուժերի հայտարարությունները եթե նկատել եք, միանման են` բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, բոլորը ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն փոխվելու և իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային, զանգվածային ճնշումների միջոցով կարելի է գնալ: Ըստ էության, օրակարգը ձևավորված է, մնում է այս ամենը լուրջ կազմակերպչական գործով ձևակերպել, և սա ինքնապատակ չպետք է լինի, սա նույն ընդդիմությունը պետք է անի երկրի համար, և եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, այս կառավարությունը լուրջ պրոբլեմներ է ունենալու առաջիկայում»,-ասաց նա:
Ի պատասխան այն հարցին,թե որքանով է մեր երկրի համար անվտանգ փոխել իշխանությանը` չսպասելով հերթական ընտրություններին, Քոչարյանն ասաց, որ անպայման լինելու է արտահերթ իշխանափոխություն, ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից, իշխանության գործելաոճից, ընդդիմության գործելաոճից և արդյունավետությունից. «Իմ տպավորությամբ այսօր բոլոր հնարավոր սցենարները սեղանի վրա են: Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել, մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է փողոց փակելով իշխանություն փոխել: Ես չեմ ասում, որ անպայման դա կատարվելու է, և ոչ ոք չգիտի` դա լինելու է, թե` ոչ, բայց այսօր քաղաքական սեղանի վրա դրված է այդ ամբողջ սպեկտրը»:
Քոչարյանի կարծիքով` անկման և ձախողման այս պայմաններում այդ հնարավորությունը ավելի մեծ է և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արդյունավետությամբ կաշխատեն կառավարությունը և ընդդիմությունը իրենց գործառույթների առումով: