138367 դիտում
19:04 18-07-2020
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 59-ամյա կոմբայնավարը գարու արտը հնձելիս կոմբայնով 6 մետր բարձրությունից ընկել է. նրան գլխիվայր շրջված կոմբայնի տակից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 11:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, «Սև հանք» կոչվող վայրում, հացահատիկային «HEBA CK-5M» մակնիշի կոմբայնը մոտ 6 մետր բարձրությունից ընկել է ձորակը և գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կոմբայնի տակից դուրս են բերել վարորդ, 59-ամյա Կարապետ Գևորգյանին, ում նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Մարալիկի հիվանդանոցի բժիշկները, ապա Գյումրիի հիվանդանոցի բժիշկները:
Վարորդին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արսեն Մարտոյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, սակայն հետո պարզվել է, որ քննությունը պետք է անցկացնի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են վառելիքաքսուքային նյութի լվացման աշխատանքներ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը կոմբայնով գարու արտը հնձելիս է եղել, երբ կոմբայնի տեխնիկական անսարքության պատճառով այն գլխիվայր շրջվել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+