3464 դիտում
21:06 17-07-2020
Խոակին Կապառոս. Մենք պետք է իսկական թիմ լինենք
Հուլիսի 17-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հեռավար մամուլի ասուլիսը, որի ընթացքում մեր մարզիչը պատասխանեց լրատվամիջոցների ուղարկած հարցերին:
[b]-Ինչպիսի՞ տպավորություն եք ստացել Բարձրագույն խմբի մրցաշարից և տեսե՞լ եք նոր ֆուտբոլիստների, ովքեր արժանի են համալրելու Հայաստանի ազգային հավաքականը։
[/b]
-Նախևառաջ ես կուզեի շնորհավորել ՀՖՖ-ին և բոլոր ակումբներին իրենց վարքագծի համար։ Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, և այս ընթացքում ՀՖՖ-ն և ակումբները շատ լավ կարողացան իրենց դրևսորել։ ՀՀ Բարձրագույն խմբում մրցակցությունը բավականին բարձր էր, դիտեցի նաև գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ նույնպես շատ թեժ պայքար ստացվեց։
Ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիային» Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Մենք ՀՀ Բարձրագույն խմբի բազմաթիվ խաղեր ենք նայել և վերլուծել: Կարծում եմ՝ դա մեզ շատ օգտակար կլինի։
[b]-Շատ է խոսվում Հայաստանի առաջնություններում լեգեոներների սահմանափակման անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի շուրջ:
[/b]
-Իհարկե, ցանկալի կլիներ, որ շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբների կազմում։ Երեկ ես տեղեկացա, որ ՀՖՖ-ն որոշում է կայացրել հաջորդ մրցաշրջանում նոր նորմեր կիրառելու մասին։ Կարծում եմ՝ եթե ներքին առաջնությունում ավելի շատ հայեր խաղան, դրանից կշահի նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Ես շատ զարմացած էի, երբ տեսա, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից մի քանիսի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չի գալիս։ Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլում լավ կրթություն ստանալուց հետո չեն ստանում հնարավորոթյուն իրենց դրսևորելու արդեն մեծ ֆուտբոլում։
[b]-Կորոնավիրուսով պայմանավորված այս դադարն ու ճգնաժամն ինչպիսի՞ ազդեցություն են թողնելու համաշխարհային, մասնավորապես, հայկական ֆուտբոլի վրա:
[/b]
-Ֆուտբոլը չի կարող լինել լիարժեք առանց երկրպագուների։ Պետք է ունենալ պատասխանատվության շատ բարձր զգացում։ Կարծում եմ, որ ՀՖՖ-ն այս առումով շատ ճիշտ աշխատանք է տանում և այլ երկրների նման նպաստում է նրան, որ հետագայում երկրպագուները վերադառնան մարզադաշտ։
[b]-Ունենք Խինես Մելենդեսի և իր թիմի կողմից մշակված, սակայն ոչ լիարժեքորեն հանրայնացված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կարծես թե մի քանի ակումբներ արդեն կիրառում են։ Արդյո՞ք այդ ծրագրին ծանոթ եք։ Ի՞նչ կտա այն Հայաստանին, որտեղ կարծես թե համապատասխան կադրերի պակասի արդյունքում այժմ ուշադրություն է դարձվում լեգեոներների նատուրալիզացիային որպես կադրային խնդիրների կարճաժամկետ լուծում։
[/b]
-Խինես Մելենդեսը իմ ուսուցիչն է եղել, երբ ես դեռ ֆուտբոլային կրթություն էի ստանում։ Նա մեծ փորձառություն ունի ինչպես իսպանական, այնպես էլ միջազգային ֆուտբոլում։ Ֆուտբոլի զարգացումից խոսելիս անպայման պետք է կարևորել մարզչական կրթությունը։ Եթե մանուկների, պատանիների և երիտասարդների հետ աշխատող մարզիչները համապատասխան որակի կրթություն ստանան, դրանից անպայման կշահեն մեր ֆուտբոլիստները։ Վստահ եմ, որ այս կրթական գործընթացի շնորհիվ բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ ի հայտ կգան, ովքեր հայկական ֆուտբոլը կհասցնեն բարձունքի։ Խինես Մելենդեսը և իր թիմը ոչ միայն տեխնիկական և տակտիկական առումով են կրթում մեր մարզիչներին, այլև տալիս են ֆիզպատրաստության մասին են գիտելիքներ փոխանցում։ Քչերը կան, ովքեր կարող են այդ գիտելիքները ավելի լավ փոխանցել մեր մարզիչներին, քան Խինես Մելենդեսը և իր թիմը։
[b]-Ի՞նչ կասեք հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոյի մասին։
[/b]
-Մենք դեռ Իսպանիայից հետևում էինք նրա խաղին, և նրա մասնակցությամբ բազմաթիվ խաղեր ենք դիտել։ Ես ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից հետաքրքրվեցի նրան Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկելու հնարավորության մասին: Դրական պատասխան ստանալուց հետո առաջին հերթին փորձեցի հասկանալ՝ ֆուտբոլիստը ցանկություն ունի հանդես գալու մեր թիմի կազմում, թե ոչ։ Յուրաքանչյուր հավաքականի համար ֆուտբոլիստի ցանկությունն ու նվիրվածությունը ավելի կարևոր են, քան բուն ֆուտբոլային որակները։ Ուդոյի շնորհիվ մենք ունեցանք ևս մեկ ֆուտբոլիստ, ով հավաքականի կազմում մրցակցություն կապահովի։
[b]-Բարձրագույն խմբում կա 5 տարի անցկացրած ևս մեկ ֆուտբոլիստ՝ Անգուլո Վբեյմարը «Գանձասար-Կապանից»: Դիտարկո՞ւմ եք նրան ևս հավաքական հրավիրելու հարցը և ի՞նչ կարծիք ունեք Գեղամ Հարությունյանի մասին։
[/b]
-Ես չէի ցանկանա այս պահին խոսել այդ ֆուտբոլիստների մասին, բայց չի բացառվում, որ մենք այդ ֆուտբոլիստին ևս հրավիրենք հավաքական։ Նույնը կարող եմ ասել Գեղամ Հարությունյանի մասին։ Մենք չենք կարող անտեսել որևէ հայ ֆուտբոլիստի և եթե նպատակահարմար գտնենք, անպայման կհրավիրենք նրան։
[b]-Հայաստանի հավաքականի ո՞ր խաղացողների հետ եք հասցրել շփվել ու ի՞նչ եք քննարկել։
[/b]
-Ես մինչ այսօր զրուցել եմ ազգային ընտրանու մոտ 19-20 ֆուտբոլիստի հետ։ Չեմ կարող ասել, թե ինչից ենք խոսել, սակայն մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր տղաները մեծ նվիրվածություն դրսևորեցին և մեծ ցանկություն հայտնեցին շարունակել իրենց ելույթները ազգային հավաքականում։
[b]-Շատ է խոսվել հավաքականի հավանական նորեկների մասին: Ի՞նչ փուլում են Լուկաս Սելարայանի, Խորեն Բայրամյանի, Արշակ Կորյանի, Մաթյո Եզիկյանի, Նաիր Տիկնիզյանի և այլ ֆուտբոլիստների հետ բանակցությունները։
[/b]
-Այդ ֆուտբոլիստները կարող են մեզ հետաքրքրել, բայց քանի որ դեռ չունենք հստակ տեղեկատվություն՝ կարող են արդյոք նրանք համալրել մեր ազգային հավաքականը, թե ոչ, ապա դեռ չեմ ցանկանա խոսել նրանց մասին։
[b]-Պարոն Կապառոս, ֆուտբոլային հանրությունը Ձեզ համարում է տաղանդներ բաղացայտող մարզիչ: Երիտասարդական հավաքականում կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց առաջիկա հանդիպումներում կտեսնենք ազգային հավաքականում։
[/b]
-Այո, մենք կարող ենք տեսնել այդպիսի ֆուտբոլիստների, բայց ամենակարևորն այն է, որ նրանք մշտապես ունենան խաղային պրակտիկա։ Նրանք պետք է միշտ խաղան, սխալվեն, որպեսզի սովորեն և կատարելագործվեն։ Եթե նրանք չունենան խաղային պրակտիկա, պարզապես կանհետանան մեր տեսադաշտից։
[b]-Ինչպիսի՞ դեր ունի հոգեբանությունը ֆուտբոլում և ի՞նչ աշխատանքներ են տարվելու հավաքականի հոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ:
[/b]
-Հոգեբանական պատրաստվածությունը նույնքան կարևորություն ունի, ինչքան տեխնիկան, տակտիկան և ֆիզպատրաստությունը, իսկ երբեմն այն ավելի կարևոր է, քան նշածս երեքը միասին։
[b]-Ի՞նչ սկզբունքով են ընտրված Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընկերական խաղերում։
[/b]
-Այդ խաղերը մեզ համար օգտակար կլինեն, քանի որ այդ խաղերում խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, ովքեր այդքան հաճախ հնարավորություն չեն ստացել խաղալ հավաքականի կազմում։ Դա մեզ հնարավորություն կտա դիտել նրանց գործի մեջ և գաղափար կազմել նրանց մասին։
[b]-Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում մեծ խնդիրներ ունեցանք խորը պաշտպանությունից խաղացող թիմերի հետ հանդիպումներում: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել՝ այդ բաղադրիչում առաջընթաց ունենալու համար։
[/b]
-Առաջին հերթին մենք պետք է իսկական թիմ լինենք։ Դա այն թիմն է, որը գիտի, թե դաշտում ինչ է պետք անել տարբեր իրավիճակներում։ Մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլիստներից ստանալ առավելագույնը։
[b]-Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում ու ի՞նչ շանսեր ունի այնտեղ: Իրատեսական համարո՞ւմ եք այդ մրցաշարի միջոցով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը:
[/b]
-Մենք պետք է խաղալու շատ մեծ ցանկություն ունենանք, և խաղ առ խաղ պետք է շարժվենք առաջ։ Սկզբում դրվում է նպատակը, ապա քայլ առ քայլ դրան հասնում ես։ Եթե խաղանք մի թիմի պես, մեր բոլոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ կհասնենք մեր նպատակին։
[b]-Ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանի հավաքականի առավել թույլ խաղային օղակները եւ ինչպե՞ս եք պատրաստվում ուժեղացնել դրանք:
[/b]
-Ես չեմ պատրաստվում այդ մասին խոսել, քանի որ վստահ եմ, որ մեր մրցակիցները հետևում են այս մամուլի ասուլիսին (ժպտում է – խմբ․)։ Եթե հիմա նշեմ մեր թույլ կողմերի մասին, մեր առաջիկա մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին մեծ օգնություն կցուցաբերեմ։ Մենք պետք է պահպանենք հանգստություն, և շարժվենք առաջ։ Ոչ մի թիմ կատարյալ չէ։
[b]-Վստահաբար դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ: Ո՞րն է Ձեզ տպավորել ամենաշատը։
[/b]
-Կնշեի Իտալիայի հավաքականի դեմ Հայաստանում կայացած հանդիպումը։ Ճիշտ է՝ թիմը պարտվեց, սակայն 10 ֆուտբոլիստով անցկացրեց շատ լավ հանդիպում, որտեղ հաշիվը կարող էր այլ լինել։
Կուզեի հատուկ նշել, որ ինձ շատ զարմացրեց այն հիանալի մթնոլորտը, որը կա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Բոլորը ցանկանում են իրենց լուման ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման մեջ։ Մենք մեր կողմից ևս ցանկանում ենք մեր փորձով, մեր խանդավառությամբ և մեր կիրքով նպաստել հայկական ֆուտբոլի աճին։
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
15:26 29-03-2021
Խոակին Կապառոս. «Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1792 դիտում
13:59 04-05-2021
Խոակին Կապառոս. «Հայաստանի ազգային հավաքականը նման է իսկական ընտանիքի»
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում