5230 դիտում
21:36 15-07-2020
Նման լոկալ միջադեպերի հավանականությունը բարձր է, բայց դրանք չեն վերածվի լայնամասշտաբ մարտական գործողությունների, թեև ՀՀ ԶՈՒ-ն և ՊԲ-ն պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել. Սեյրան Օհանյան․ Tert.am
Ակնհայտ է, որ սադրանքն իրականացրել են ադրբեջանցիները՝ իրենց Զինված ուժերի միջոցով․ ՀՀ Զինված ուժերը մեր սահմանի ներսում դիրքերի բարելավման խնդիրներ են իրականացրել, իսկ հարձակողական որոշակի գործողություններ փորձել են իրականացրել ադրբեջանիցները: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/15/seyran-ohanyan/3345948?fbclid=IwAR1DJDfDL08ebezqEMuQ4_jX48K7H7e9-hzWB8wqk27H77U0n1mfoZ7vAgI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ոտնձգություններին՝ Հայաստանի սահմանի նկատմամբ:
«Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը բանակային կորպուսի հրամանատարության և զորամասի հրամանատարի մակարդակով բարձր մակարդակով իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը կարծում է, որ սադրանքների հիմք կարող են հանդիսանալ բանակցային գործընթացում ադրբեջանցիների կողմի՝ որոշակի արագության վերաբերյալ ակնկալիքները, իրենք էլ հայտարարում են, որ բանակցային գործընթացում արդյունքներ իրենք չեն տեսնում: Ըստ նրա՝ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները ևս կարող են դրա վրա ազդել, քանի որ Ադրբեջանը քաղաքական, տնտեսական բավականին լուրջ խնդիրներ ունի:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցությանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ գուցե իրենք իրենց առաջ խնդիր են դրել ազդելու մեր քաղաքական խնդիրների, հանրության վրա: Նա կոչ արեց հետևել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, քանի որ ամենաստույգը ՊՆ է հաղորդում։
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև նախորդ գիշերը սահմանային գոտում հարաբերական կայուն իրադրության վերաբերյալ ՊՆ-ի հայտարարությանը և նշեց․ «Դա կարող է լինել կա՛մ պայմանավորվածություն, կա՛մ էլ ընդհանուր առմամբ ադրբեջանցիները տեսել են, որ չեն կարողանում հասնել իրենց նպատակին, արդյունքում հանդարտվել են, բայց նրանցից ամեն ինչ էլ սպասելի է, այսինքն սադրանքները կարող են շարունակական լինել: Բայց չեմ կարծում, որ այս փոքր միջադեպը կարող է բերել լայնամասշտաբ մարտական գործողությունների՝ չնայած նրան, որ ՀՀ Զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը պատրաստ են իրենց առաջ դրած խնդիրը իրականացնել»,-ասաց նա:
Ըստ Օհանյանի՝ իշխանությունները պետք է ջանքեր ներդնեն քաղաքական ռեսուրսների ավելացման ուղղությամբ՝ այդ թվում միջազգային հանրության առումով և հիմնավորեն, պարտադրեն, որ այս սադրանքի համար Ադրբեջանի նկատմամբ քննադատություն հնչի և դա առաջին հերթին պետք է անի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ ենք, պետք է անեն այն կառույցները, որոնք զբաղվում են հակամարտությամբ:
«Այսինքն բոլոր քաղաքական հնարավորությունները պետք է օգտագործենք, որ թույլ չտանք, որ այս հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ մարտական գործողությունների: Պաշտպանության նախարարությունը այս ընթացքում գործել է շատ հստակ, հրամանատարները գիտեն իրենց խնդիրը և պատրաստ են հետագա զարգացման»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների համարժեք արձագանքին, ապա Պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ միջազգային կառույցները միշտ էլ նման դեպքերում դիմում են երկու կողմերին: «Դա արդյունք է նրա, որ հայ-ադրբեջանական այս խնդիրներում վերահսկողական մեխանիզմներ գոյություն չունեն, մենք բազմիցս անդրադարձել ենք դրան և Ադրբեջանը միշտ էլ մերժել է և հիմա էլ մերժում է»,-ասաց նա և նշեց, որ եթե վերահսկողությունը լինի, հայտնի կլինի, թե ով է սադրող կողմը, և այս դեպքում Ադրբեջանը կտուժի:
«Ադրբեջանի նկատմամբ ինչ պետք է, անհրաժեշտ է, արդեն ՀՀ ԶՈՒ-ն կիրառել են, մենք մեր տարածքում բարելավել ենք մեր դիրքերը, իրենք փորձել են սադրանք կազմակերպել և ստացել են արժանի հակահարված: Քանի որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք Ադրբեջանի հետ միջազգային բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, այնտեղ որոշումներ ընդունելը, հայտարարությունները անելն այնքան էլ հեշտ չէ՝ ընդհանուր կոնսեսուսի գալու առումով: Այդ պարագայում ՀՀ իշխանությունները պետք է պահանջատեր լինեն, օգտագործեն բոլոր մեխանիզմները: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը և Զինված ուժերը բավականին լուրջ աշխատանք են տարել ռազմական ուղղվածության, ռազմական կոմպոնենտի զարգացման համար և նաև քաղաքական ռեսուրսների ավելացման ուղղությամբ, ՀՀ իշխանությունները պարտավոր են աշխատել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Օհանյանը նշեց, որ Ադրբեջանը այս դեպքում կարող է երկու նպատակ ունենալ։
«Առաջինը՝ այն վերածելու հայ-ադրբեջանական պետական մակարդակի հակամարտության և երկրորդը՝ Ադրբեջանը և Թուրքիան իրենց ռազմավարական պլանների շրջանակներում կարողանան ազդել նաև Հայաստանի վրա, այստեղ կարող է հիմք հանդիսանալ, որ Թուրքիան ընդգրկվի արդեն որպես այս հակամարտության թաքնված կողմ»,-ասաց նա:
Ամփոփելով՝ Սեյրան Օհանյանը նշեց՝ մեր Զինված ուժերը ցույց տվեցին, որ անընդհատ զարգացող, կատարելագործվող կառույց են և նրա մարտունակությունը միշտ ավելանում է: «Սա ևս մեկ անգամ հայ հանրության մեջ բարձրացրեց Զինված ուժերի նկատմամբ վստահությունը, իսկ Ադրբեջանին ցույց տվեց, որ նրանք գործ ունեն մարտունակ, մրցունակ Զինված ուժերի հետ տարածաշրջանում և հենց այնպես չեն կարողանալու որևէ ռազմական խնդիր կատարել, դեռ ավելին՝ և՛ պաշտպանողական, և՛ կանխարգելիչ հնարավությունները տարեցտարի ավելանում են և մենք միշտ արժանի հարվածներ տալու ենք հակառակորդներին»,-ասաց նա և նշեց, որ հավանականությունը, որ նման լոկալ միջադեպեր կլինեն, դեռևս բարձր է:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/15/seyran-ohanyan/3345948?fbclid=IwAR1DJDfDL08ebezqEMuQ4_jX48K7H7e9-hzWB8wqk27H77U0n1mfoZ7vAgI]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
4927 դիտում
16:53 14-07-2020
Հայաստանի ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն իրականացնում է բարձր մակարդակով. Սեյրան Օհանյան. Azatutyun.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան