211652_close_icon
views-count2126 դիտում article-date 19:51 15-07-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին ներկայացնում ենք ստորև․ Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որ մենք այժմ ունենք: Ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման փորձերը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Սա է ներկայիս առաջնահերթությունը: Մենք ունենք լարվածության նվազեցման կարիք. Հայաստանն ունի պաշտպանվելու կարողություն, Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ: Խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք հանձնառու լինել վերջինիս և կաշխատենք իրադրության լիցքաթափման և այնպիսի միջավայրի ձևավորման ուղղությամբ, որն օգնում է խաղաղությանը և նպաստում է բանակցային գործընթացին: Հարց. Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել այն ջանքերի վերաբերյալ, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը: Ի՞նչ գործընթաց է իրականացվում, և որքա՞ն արագ դա տեղի կունենա, հաշվի առնելով այն, որ մարտերի շարունակականությունից մարդիկ են զոհվում: Զոհրաբ Մնացականյան. Պետք է ասեմ, որ բավականին հուսադրող է այն, որ վերջին, կարելի է ասել, 12-14 ժամերի ընթացքում, մենք ունենք հարաբերական անդորր: Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռուսաստանի և մյուս գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Մենք փորձում ենք գտնել այն ձևերը, որը հնարավորություն կընձեռի պահպանելու այս հարաբերական անդորրը և վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը, ինչպես նշեցիք, հաստատվել է 1994թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր լիարժեք ուժի մեջ է. փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից: Եվ այժմ հրադադարի ռեժիմի լիարժեք վերականգնումը մեր առաջնահերթությունն է: Հարց. Լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ և գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր: Ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին: Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ համաձայնի այդ գնահատականի հետ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, և մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ և բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար: Ակնհայտորեն, որպես Կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանավորված գործողությունները: Մենք կապի մեջ ենք և հետևողական երկխոսության մեջ ենք գտնվում մեր ՀԱՊԿ գործընկերների հետ: Հարց. 2019թ.-ին եղել են բանակցություններ՝ այս հարցին որոշակի լուծում տալու նպատակով: Հայտնի է, Հայաստանի վարչապետն այդ ժամանակ ասել է «Արցախը Հայաստան է», և ցանկանում էր փոխել բանակցությունների ձևաչափը, ինչը, ենթադրաբար, էականորեն խարխլել է բանակցային գործընթացը: Պատասխանատվության ի՞նչ մասնաբաժին է կրում Հայաստանն այս բանակցությունների շարունակականության ապահովման ձախողման համար: Զոհրաբ Մնացականյան. Ես կրկին չեմ համաձայնի նման գնահատականի հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ խոսել է այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Հայաստանը պատասխանատվություն է կրում Արցախի մեր հայրենակցիների անվտանգության, ֆիզիկական գոյաբանական անվտանգության համար: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, և ակնհայտ է, որ Հայաստանն ունի իր զարգացման օրակարգը, Հայաստանն ունի իր ժողովրդի բարեկեցությունը պաշտպանելու օրակարգ: Արցախը, նրա բնակչությունը գտնվում են անբարենպաստ պայմաններում. ամեն կերպ փորձ է արվում նրանց մեկուսացնել արտաքին աշխարհից, ինչն անընդունելի է, և Հայաստանն ակնհայտորեն ամեն կերպ աջակցում է, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա ապրել անվտանգության, խաղաղության և զարգացման պայմաններում: Դա հենց այդ համատեքստում է: Այնուամենայնիվ, ընդգծեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հետևողական է եղել իր հայտարարություններում առ այն, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ մենք հասնենք այնպիսի փոխզիջումային լուծման, որն ընդունելի կլինի բոլոր ժողովուրդների` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ մենք Ադրբեջանի ղեկավարությունից դեռ ակնկալում ենք փոխադարձելիություն այնպիսի մոտեցման, որը հիմնված կլինի փոխզիջման վրա, քանի որ ներկայումս մենք ականատեսն ենք լինում առավելապաշտական մոտեցման, որը հաշվի չի առնում Հայաստանի և Արցախի հիմնարար առաջնահերթությունները: Այսպիսով, մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր