211652_close_icon
views-count1899 դիտում article-date 18:10 10-07-2020

Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից. ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է տեղյակ լինի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի ցանկացած փոփոխությունից, որը հնարավոր է անհրաժեշտ ուսումնասիրության կարիք ունենա Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից: Այս մասին [url=https://www.reuters.com/article/us-turkey-museum-unesco/changes-to-istanbuls-hagia-sophia-could-trigger-heritage-review-unesco-idUSKBN24A3BD]Reuters[/url] գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները: Կազմակերպությունից նշել են, որ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան, և որպես այդպիսին այն որոշակի իրավաբանական պարտավորություններ ունի: «Այսպիսով, պետությունը պետք է հետևի, որ ոչ մի փոփոխություն չխաթարի իր տարածքում գտնվող օբյեկտի բացառիկ արժեքը: Ցանկացած փոփոխության մասին պետությունը պետք է տեղյակ պահի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անհրաժեշտության դեպքում փոփոխությունը պետք է ուսումնասիրվի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի կողմից »,-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է նաև, որ մի քանի նամակներով իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և հինգշաբթի օրը ուղերձ է փոխանցել Թուրքիայի դեսպանին: «Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում երկխոսություն սկսել նախքան որևէ որոշում կայացնելը, քանի որ դա կարող է խաթարել վայրի համընդհանուր արժեքը»-ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել: Թանգարանի կարգավիճակը մզկիթ վերափոխելու հեռանկարը ահազանգ է առաջացրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հունաստանի պաշտոնյաների, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցու առաջնորդների շրջանում:

Նմանատիպ նյութեր