ՍԴ-ի հարցը պետք է լուծվեր, բայց․․․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անկախ այն հանգամանքից, որ Ազգային ժողովի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունների իրական մոտիվացիան պարզապես Հրայր Թովմասյանից ազատվելու քմահաճույքն էր, խնդիրն, այնուամենայնիվ, գոյություն ուներ: Տրամաբանական չէր, որ այդ մարմինը պետք է շարունակեր գործել 1995-ի Սահմանադրությամբ և դատավորների համար նախատեսեր, ըստ էության, անսահմանափակ ժամկետ՝ չնայած գործող Սահմանադրությամբ ժամկետը սահմանափակվում է 12 տարով:
Խնդիրը պետք է լուծվեր, բայց մի քանի պայմանով.
ա/ ոչ կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում,
բ/ լուծման օրինականության վերաբերյալ ոչ մեկի մոտ կասկած չթողնելով,
գ/ խորհրդակցելով մասնագետների, այդ թվում ՍԴ՝ իշխանությանը ոչ հաճո դատավորների հետ,
դ/ առանց կատաղի քաղաքական քարոզչության:
Քանի որ այդ պայմանները չեն կատարվել, իրավական հարթության մասին խոսելն անիմաստ է: Այս իրավիճակում բնական է, որ իրավաբանները նույնպես բաժանվել են երկու ճամբարի, և Սահմանադրության ու օրենքների միևնույն կետերին տալիս են տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ: Չկա մի իրավաբան, որի մասին հասարակության մեծամասնությունը կասի, որ նա անաչառ է: Եթե նույնիսկ կա, ապա ֆեյսբուքյան ակտիվիստները նրան շատ արագ կխցկեն «սերժառոբական» կամ «նիկոլական» ճամբարի խրամատները:
2015 թվականի Սահմանադրությունը գրվել է պալատական իրավաբանների կողմից և կոչված էր սպասարկել այդ ժամանակվա իշխանությունների շահերը: Իսկ ո՞վ ասաց, որ հաջորդ Սահմանադրությունը ճիշտ նույն ձևով չի գրվի և իշխանության շահերը չի սպասարկի: Սահմանադրությունը չի կարող գրվել «թալանչիներին պատժելու» կամ որևէ ուժին «պատմության աղբանոց ուղարկելու» նպատակով: Դա պետական կարգը որոշող իրավական փաստաթուղթ է: Քանի դեռ դա ոչ մեկի կողմից չի ընկալվում, անիմաստ է փոփոխությունների ուղղությամբ որևէ բան ձեռնարկելը՝ նույնիսկ եթե ձեռնարկողների մտադրություններն անկեղծ են:
Վկան խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների ընկալումն է: Արձագանքն, ինչպես միշտ, ծայրահեղական է.
1/ Վերջ՝ պետությունը կործանվեց, սահմանադրական կարգը տապալվեց, երկիրն ընկղմվել է բռնապետության խավարի մեջ:
2/ Նոր արշալույս բացվեց մեր բազմաչարչար հողի վրա. այսուհետ ոչ միայն Սահմանադրական դատարանն, այլև ողջ դատական համակարգն ազատ ու անկախ կլինի, և մեր երկիրը հաստատուն քայլերով գնալու է դեպի ժողովրդավարական ապագա:
Իրականում ամեն ինչ այդքան դրամատիկ չէ: Պարզապես մենք ապրում ենք հեղափոխական ժամանակաշրջան, որն ունեցել էր սկիզբ, կունենա նաև վերջ: Պատմության տեսանկյունից դա պարզապես ակնթարթ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]