211652_close_icon
views-count4061 դիտում article-date 10:37 25-06-2020

«Մուսոնների» բուրմունքը․ Հայաստանի իշխանությունը դրսից «պրեսինգի» է ենթարկվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս նկատել եմ, որ որոշ շրջանակներ սկսել են անել այն, ինչ անգլերեն կոչվում է «to catch the flavor the monsoon», և, իհարկե, պարզ է, թե Հայաստանի դեպքում որտեղից են այն «մուսոնները» փչում: Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը բավականին բարդ և մեծ նրբանկատություն պահանջող աշխատանք է: Դրա համար պետք է իմանալ այդ երկրի իշխանության կառուցվածքը, հասկանալ, թե ինչպես են այնտեղ որոշումներ ընդունվում, ինչպես է վերաբերմունք ձևավորվում: Տեսականորեն, այո, ամեն ինչ, ի վերջո, որոշում է Պուտինը, բայց ինչ գործոններ, ինչ ուժեր են ազդում այդ որոշումների վրա՝ այդ խնդրի մեջ մեր նման երկրի ղեկավարությունը պարտավոր է խորանալ: Սուրճի բաժակ նայելով՝ դա հնարավոր չէ հասկանալ. անհրաժեշտ է տիրապետել բազմակողմանի տեղեկատվությանը, որը, եվրոպական երկրների և ԱՄՆ-ի համեմատ, պակաս մատչելի է: Պատահական չէ, որ Ռուսաստանի գլխին 20 տարի կանգնած է մի գործիչ, որը սերում է մեզ հայտնի կազմակերպությունից՝ մենք այն անվանում ենք КГБ , բայց այս կառույցը Ռուսաստանի պետական համակարգի հիմքն է և դարավոր ավանդույթներ ունի: Արդեն պարզ է, որ Պուտինն իր պաշտոնը զբաղեցնելու է ցմահ և, հետևաբար, տեսանելի ապագայում գործելու է հենց «կագեբե»-ական համակարգը: Հիմա ես մի տեսակետ հայտնեմ, որը դուր չի գա ներկայիս իշխանության ընդդիմախոսներին (սովորաբար հակառակն է լինում՝ դժգոհում են իշխանության երկրպագուները): Եթե մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, զգում ենք, որ Հայաստանի իշխանությունը դրսից «պրեսինգի» է ենթարկվում, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում նպաստենք, որ այս հարցում իշխանությունն իրեն վստահ զգա՝ անկախ նրանից, թե ով է առաջին դեմքը, ինչպես ենք մենք գնահատում այդ իշխանության քաղաքականությունն ու աշխատանքի արդյունավետությունը, ինչպիսին է ներկայիս քաղաքական ռեժիմը և ինչպիսի սխալներ կամ արատներ ունեն բարձրագույն իշխանավորները: Անկախ նրանից, թե որտեղից է ճնշումը: Անգամ՝ անկախ այն հանգամանքից, որ այդ ճնշումը մասամբ պայմանավորված է իշխանության ոչ հաշվենկատ քայլերով: Հայաստանի ինքնիշխանությունն իսկապես կարևոր է. միայն դրանով է երաշխավորվում մեր անվտանգությունը, և այդ տեսանկյունից առաջին երեք նախագահներն ու ներկայիս վարչապետը ներկայացնում են այդ ինքնիշխանությունը: Վարչակազմն, իհարկե, կարող է փոխվել, և կասկած չկա, որ մոտակա տարիներին (գուցե ավելի շուտ) այն կփոխվի: Բայց այն պետք է փոխվի այնպես, որ նոր իշխանությունը ոչ մի դրսի ուժի պարտական չլինի, ինչպես որ ներկա վարչակազմը (իր բոլոր լուրջ թերություններով) դրսից ոչ մեկի առջև պարտավորություններ չունի: ․․․Ամեն ինչ փոփոխական է: Համեմատաբար վերջերս նախկին ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, որն այդ կուսակցությանն անդամակցելու շնորհիվ դարձավ խոշոր կալվածատեր, հայտարարել է, որ նախորդ իշխանության ժամանակ Հայաստանը ավազակապետություն էր: Կուրծք ծեծողներն ամենից շուտն են վերափոխվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր