885 դիտում
10:49 19-06-2020
«Կայուն մեծամասնությունը» հնարավորություն ունի գործելու առանց հակակշիռների․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ ժամանակ առ ժամանակ գալիս են ժամանակաշրջաններ, երբ ձևավորվում է ուժեղ և անվերահսկելի իշխանություն: Հիմա մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակահատվածում: Այսօր իշխանությունը կարող է ազատազրկել ցանկացած պատգամավորի, ցանկացած գործարարի (դրա համար բավարար իրավական հիմքեր գտնելը դժվար չէ), ընդհանրապես՝ ցանկացած մարդու: Իշխանությունը կարող է արգելել ցանկացած կուսակցություն, փակել ցանկացած լրատվամիջոց, պատասխանատվության կանչել ցանկացած «անհաճո» դատավորի: Կարող է փոխել Սահմանադրությունը, ցրել իր կողմից չվերահսկվող Սահմանադրական դատարանը, և բոլոր տեսակի Բուքիքիոների կարծիքը ներկայացնել այնպես, որ Արևմուտքը դա ողջունում է:
Այո, այսօրվա խորհրդարանը ձևավորվել է արդար ընտրությունների միջոցով և քաղաքացիների մեծամասնության կամքով: Բայց զուտ «տեխնիկապես» «Իմ քայլի» մեծամասնությունը չի տարբերվում ՀՀԿ մեծամասնությունից: Երկու դեպքում էլ գործադիր իշխանությունն ունի բավարար չափով ձայներ՝ ցանկացած որոշում անցկացնելու համար: Ինչպես ցույց տվեց Գագիկ Ծառուկյանի «դեպքը», իշխանությունը «բերման է ենթարկում» իր բոլոր պատգամավորներին, որոնք միաձայն քվեարկում են այնպես, ինչպես որ պետք է: Իհարկե, չեկողների կամ չքվեարկողների վրա «հայհոյանք չի դրվում»՝ դա հենց Ծառուկյանի կուսակցության ոճն է, բայց տարբերությունը ոճային է, ոչ թե բովանդակային: «Կայուն մեծամասնությունը» հնարավորություն ունի գործելու առանց հակակշիռների:
Ինչպես և առաջ նման ժամանակահատվածներում, հիմա էլ ընդդիմությունը թույլ է, անմիաբան և ոչ հեղինակավոր: ՀՀԿ-ն վարկաբեկված է, մնացած ուժերին իշխանության քարոզչությունը կապում է ՀՀԿ-ի հետ, և առայժմ դա հաջողվում է: Ընդդիմությունը, առաջվա պես, կարող է քննադատել և չհամաձայնել, բայց չի կարող ազդել իրավիճակի վրա: Քաղաքացիական հասարակությունը նույնպես ազդեցիկ չէ. այն հ/կ-ները, որոնք արդյունավետ պայքար էին մղում նախորդ իշխանությունների դեմ, այժմ ձևական կամ ոչ ձևական առումով, ընդգրկված են իշխանական համակարգում:
Ինչպես ցույց է տալիս փորձը, նման իրավիճակը, երբ իշխանությունն ունի անսահմանափակ և անվերահսկելի հնարավորություն՝ անելու իր ուզածը, կարող է տևել մի քանի տարի: Բայց մեր երկրի դեպքում դա չի կարող շարունակվել հավերժ. իշխանությունը, որը հենվում է վերջին 30 տարվա ընթացքում ձևավորված քաղաքական համակարգի և մշակույթի վրա, ի վերջո, ստիպված է լինում հեռանալ: Բանն այն է, որ այդ համակարգը Հայաստանում կենսունակ չէ, և միայն առաջին հայացքից է թվում, որ այն ձեռնտու է իշխանություններին: Իրականում համակարգը ձեռնտու չէ ոչ մեկին՝ դա հասկանալու համար անհրաժեշտ են հաշվարկներ, որոնք ընդգրկում են ավելի մեծ ժամանակահատված, քան օրերն ու ամիսներն են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3474 դիտում
10:43 09-05-2018
Նոնսենս. կայուն մեծամասնությունը ընդդիմություն է, ԱԺ ղեկավար կազմն՝ ընդդիմադիր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»