2542 դիտում
17:35 16-06-2020
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 4.50%
2020 թ. հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%:
2020 թ. մայիսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ավելացել է և կազմել 1.2%:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սպասվում է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կգրանցի իր պատմական ամենամեծ անկումներից մեկը: Ընդ որում, գնահատվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը ընթանում է սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, և շարունակվում է պահպանվել համավարակի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունը:
Միևնույն ժամանակ, հումքային ապրանքների գները ցույց են տալիս կայունացման և վերականգնման որոշ նշաններ՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության զգուշավոր լավատեսական սպասումներով: Ակնկալվում է, որ արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն:
ԿԲ գնահատականների համաձայն Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի գործոններով: Առաջարկի մասով նվազումը պայմանավորված է հատկապես շինարարության ու ծառայությունների ոլորտում արձանագրված անկմամբ, իսկ պահանջարկի տեսանկյունից անկումը կարտահայտվի հիմնականում մասնավոր ծախսումների կրճատմամբ թե՛ սպառման և թե՛ ներդրումների մասով։ Չնայած նախորդ տարվա համեմատ հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, մասնավոր պահանջարկի նվազման ազդեցությունները կգերակշռեն, ինչը մեծապես պայմանավորված է համավարակի հետ կապված անորոշությունների պահպանմամբ:
Հաշվի առնելով արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման դանդաղումը, առկա ցածր գնաճային միջավայրը և ձևավորված բարձր անորոշության բացասական ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելի մեծ քայլով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, որի ներքո գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում: Խորհուրդը գտնում է նաև, որ ներկա իրավիճակում դրամավարկային քաղաքականության խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը դեռևս գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է ըստ անհրաժեշտության ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
20:59 24-06-2014
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7 տոկոս
2131 դիտում
16:11 10-09-2019
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 5.5 տոկոս
1258 դիտում
11:15 24-12-2014
ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%