211652_close_icon
views-count626 դիտում article-date 13:19 15-06-2020

ԱԺ արտահերթ նիստ կանկացվի. օրակարգում շահութահարկի կանխավճարների համակարգը վերանայելու նախագիծն է

ՀՀ ազգային ժողովում հունիսի 15-ին ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի տնտեսավարողներին հուզող մի կարևոր խնդրի։ Այս մասին «Ֆեյսբուք»-իր էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը»,-գրել է Թունյանն ու հավելել՝ այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։ Այսինքն՝ տնտեսավարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսավարողի է։ Թունյանը նախագծի ընդունումը ինչ-որ առումով համարել է հակաճգնաժամային միջոցառում՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսավարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։ Պատգամավոր նկատել է, որ մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր։

Նմանատիպ նյութեր