211652_close_icon
views-count613 դիտում article-date 14:50 26-04-2024

Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան

Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նման փոփոխություններ է առաջարկում անել «ՀՀ հարկային օրենսգրքում»։

Ըստ նրա` այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է տվյալ մեքենայի հետ կապված նրա հարկային պարտավորությունները։ Եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա նա պարտավոր է վճարել այն ամբողջովին։

«Օրենքի այս դրույթը, որ ժամանակին գույքահարկը կապվել է տեխզննման պրոցեսի հետ, հասկանալի է` ժամանակին ինչ հիմնավորումներ է ունեցել. սա եղել է գործիք, որի միջոցով մենք ապահովել ենք գույքահարկի հավաքագրումը։ Կարծում եմ` արդարացի է, որ քաղաքացին վճարի այդ պահին ունեցած պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը։ Եթե քաղաքացին մինչև դեկտեմբերի 1–ը ժամանակ ունի գույքահարկը վճարելու ու հունվարին կամ փետրվարին տանում է մեքենան տեխզննման, ապա կարծում եմ, որ պետք չէ նրան ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,– նշեց Թունյանը։

Որպես նախագծի հեղինակ` նա առաջարկում է օրենքի մեջ ընթացիկ տարվա փոխարեն տվյալ դրույթը շարադրել այնպես, որ խոսքը վերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորություններին։

«Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ դեպքեր են լինում, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, ապա այդ մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ, որպեսզի իր ավել վճարած գումարը փոխհատուցեն, կամ ինչ–որ այլ մեխանիզմներով դա հաշվի առնվի»,– ընդգծեց պատգամավորը։

Նա տեղեկացրեց, որ օրենքի փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1–ից։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր հերթին նշեց, որ կառավարությունն այս նախագծի հիմքում դրված տրամաբանությունը համարում է ընդունելի, սկզբունքային առարկություններ չունի, սակայն խմբագրական մի շարք փոփոխությունների առաջարկ ունի։

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը նիստին ներկա չէր։

Նմանատիպ նյութեր