211652_close_icon
views-count853 դիտում article-date 14:08 12-06-2020

Եթե կանոնները լայնորեն չպահպանվեն, համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին. Փաշինյան

Կորոնավիրուսի հաղթահարումը Հայաստանում այս իրավիճակում ոչ միայն առողջապահական, այլև հանրային վարքագծային և կարգապահական խնդիր է: «[url=https://armenpress.am/arm/news/1018249.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմնական հարցը, որ ծագում է հետևյալն է՝ որն է ճգնաժամից դուրս գալու և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Անկեղծ ասած, մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել: Կորոնավիրուսի հաղթահարումը այս իրավիճակում ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային և կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Եվ ըստ էության այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով»,-ասաց վարչապետը: Նա նկատեց՝ ընդ որում վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարևոր է, որովհետև ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում գոյություն է ունենալու առնվազն 1,5 տարի: Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ: Փաշինյանը նկատեց՝ իհարկե այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, և տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել երեք ամսից, մի ամսից, բայց կարող և առաջիկա 3 տարիներին չստեղծվել: «Եվ ըստ էության, ես ուզում եմ արձանագրել, որ ամեն օրվա մեր թվերն արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները՝ վերջին 7-14 օրվա ընթացքում: Ընդ որում, եթե ասում ենք մենք, եկեք չտարբերակենք՝ քաղաքացիներ, կառավարություն: Մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ կառավարությունը դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել է հունիսի 3-ին, այսօր հունիսի 12-ն է, և եթե սահմանված կանոնները պահվեին պատշաճ մակարդակով, մեծ հավանականությամբ, պետք է արձանագրվեր թվերի նվազում: «Եթե չունենք թվերի նվազում, նշանակում է, որ մենք բոլորս պատշաճ մակարդակով չենք պահում հակահամաճարակային կանոնները: Անկախ կառավարության գործադրած ջանքերից՝ եթե հանրայնորեն, լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին: Մեր երկարաժամկետ մարտավարությունը և ռազմավարությունը պետք է լինի ապրել կորոնավիրուսի հետ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչքան է այն մեզ հետ լինելու»,-ասաց Փաշինյանը: Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք:

Նմանատիպ նյութեր