211652_close_icon
views-count618 դիտում article-date 10:25 06-06-2020

Որևէ գաղափար մերժելը սխալ է՝ միֆերը կարող են դառնալ պետական շենքի հիմք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1990-ականներին, երբ «իզմերը» դեռևս վերջնականապես մերժված չէին, ինձ համար գոյություն ունեին երեք հիմնական գաղափարախոսություններ՝ կոմունիստական, որի հիմքում էր սոցիալական ուտոպիան, դաշնակցական, որը խարսխված է ազգային երազանքների վրա, և ՀՀՇ-ականը, որը փորձում էր կյանքի կոչել այդ ժամանակվա «թրենդային» գաղափարները: Ընթերցողներից շատերը, որոնք ապրել են այդ ժամանակներում, իհարկե, կասեն, որ ՀՀՇ-ն ոչ մի գաղափարախոսություն չուներ, որ նրանք թալանում էին, մազութ էին գողանում և մեզ մթի մեջ պահում: Նման՝ «ջղային» մոտեցումը բնական է՝ ցանկացած իշխանություն ծնում է հազարավոր մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով իրենից «նեղացել են»՝ բացառություն չէ նաև այսօրվա իշխանությունը: Բազմաթիվ վատ բաներ կարելի է ասել նաև դաշնակցականների և կոմունիստների մասին՝ պարզապես պատմական հիշողությունը տարբերվում է անհատների «օպերատիվ» հիշողությունից: Բայց այս պարագայում խոսքս գաղափարական ժառանգության մասին է: 25 տարի առաջ ինձ թվում էր, որ առաջին երկու հոսանքները «սխալ» են, իսկ երրորդը՝ «ճիշտ»: Հիմա ես հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ չէ: Ազգային և սոցիալական «միֆը» (առասպելաբանությունը, դիցաբանությունը) նույնքան կարևոր են, որքան ազատականը, իսկ «միֆ» բառի մեջ որևէ բացասական երանգ չկա՝ դա, ի վերջո, այն է, ինչ միավորում է անծանոթ մարդկանց՝ սկսած կրոնական համայնքներից, ազգերից և վերջացրած միջազգային կորպորացիաների աշխատակիցներով: Պարզապես կան կարճաժամկետ «միֆեր»՝ օրինակ, «Սաշիկի 50/50»-ը կամ «մազութ ուտելը», կան նաև առասպելաբանության երկարատև և, այսպես ասած, կյանքի փորձություն անցած տարբերակները: Կարճատևների միջոցով հնարավոր է հեղափոխություն անել, բայց պետությունները կառուցվում են ավելի ամուր հիմքերի վրա, որպիսին էր, օրինակ, կալվինիզմի պուրիտանական «ճյուղավորումը» Միացյալ Նահանգների համար: Իսկ ահա Հայաստան պետության համար կարևոր են բոլոր երեք գաղափարախոսությունները և, հետևաբար, պատմական առումով, դրանց վրա հիմնված երեք տիպի պետությունները: 25-30 տարի առաջ մենք «մերժում էինք» հատկապես երկրորդ՝ ոչ անկախ պետություն կառուցելու փորձը: Բայց «մերժելը» նույնպես կարճատև ռազմավարական գործիք է. ի պատիվ այն ժամանակվա «հեղափոխության» առաջնորդների, նրանց «մերժումը» կարճ տևեց: Եվ բացի ամեն ինչից, այդ առաջնորդներից շատերին խորհրդային ԲՈՀ-ը գիտությունների դոկտորների և թեկնածուների գիտական աստիճաններ էր տվել: Այդ գործընթացի բոլոր թերություններով հանդերձ, դա վկայում էր կանոնակարգված մտածելու և աշխատելու որակների մասին՝ որակներ, որոնք որոշ չափով փոխհատուցում էին այդ մարդկանց՝ պետական կառավարման ոլորտում անփորձությունը: Մի խոսքով, երեկուսուկես տասնամյակում ես համոզվեցի, որ որևէ գաղափար մերժելը սխալ է՝ «միֆերը» կարող են իրար փոխլրացնել և դառնալ պետական շենքի հիմք: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր