2215 դիտում
13:03 28-08-2020
Գլխավոր դատախազը վերացրել է հանցադեպի բացակայությամբ քրգործի հարուցումը մերժելը եւ խոշտանգման մասով քրգործ հարուցել
ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվության ծառայությունից։
2020թ. հունիսի 7-ին Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրից (ՁՊՎ) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում իրազկում է ստացվել այն մասին, որ ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ եւ քրեծվածքներ:
Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կ. Մ.-ն վիճաբանել է իր հարեւանի հետ, որից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ նույն վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ, ձեռքով հարվածներ հասցրել ոստիկանության ծառայողներից երկուսի դեմքին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է եւ տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ մարմնական վնասվածքներն ստացել է տան բակում չորացած ծառի ճյուղերը կտրելու ժամանակ՝ հավելելով, որ որեւէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել եւ իրեն մարմնական վնասվածքներ չի պատճառել: Նա հրաժարվել է ենթարկվել նշանակված դատաբժշկական փորձաքննությանը:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 17-ին կայացվել է հանցադեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության հետեւանք են եղել, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց:
Նախապատրաստված նյութերին ՀՀ գլխավոր դատախազությունում ծանոթանալու եւ կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ որոշումը հիմնավոր չէ:
Մասնավորապես, ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած մի քանի նախադեպային որոշոմների լույսի ներքո խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության եվրոպական չափանիշներով չեն ապահովվել քննության անկախությունն ու անկողմնակալությունը, քանի որ գործով քննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության այն նույն բաժնի հետաքննիչը, որի ծառայողների գործողություններն առնչվել են ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսեւորմանը:
Բացի այդ, ողջամիտ կասկածների տեղիք է տվել նաեւ Կ.Մ.-ի մարմնին հայտնաբերված մարմնական վնասվածքների քանակը եւ բնույթը: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ըթնացքում միջոցներ չեն ձեռնարկվել այդ վնասվածքները Կ. Մ.-ի բացատրությամբ նկարագրված պայմաններում առաջանալու հանգամանքը պարզելու, մասնավորապես առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ուղղությամբ:
Ելնելով վերոգրյալից, դեպքի իրական հանգամանքները միայն բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով, որ նախապատրաստված, հետաքննիչի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են պետական ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից Կ. Մ.-ին առերեւույթ խոշտանգելու հանցակազմի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ-ի իրազեկման առթիվ նախապատրաստված նյութերով կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը եւ մի խումբ անձանց կողմից անձին առերեւույթ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
19:03 01-12-2016
Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով. ՔԿ
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21133 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու