Հաղթանակը հազար տերեր ունի, պարտությունն է անտեր
Արամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաղթանակը հազար տերեր ունի, պարտությունն է անտեր։
Սպորտում կիրառելի այս բանաձևը կորոնավիրուսի դեմ պայքարում առավել քան տեսանելի է։ Մենք պարտվել ենք այս պատերազմում, պարտվել ենք բոլորս։
Պարտվել է տանը մնացած կարգապահ քաղաքացին, պարտվել է կարանտինը խախտողը, պարտվել է մարտի 1-ին Facebook-յան լայվով կորոնավիրուսը գրիպի պես ոչ վտանգավոր վարակ հռչակած վարչապետն ու Հարավային Կորեայից վերադարձած ու առողջապահական վտանգի զրո հոտառություն ունեցող նախարարը։
Պարտվել են մասսայական միջոցառումներ կազմակերպողները։ Իսկ գիտե՞ք, թե ինչու ենք մենք բոլորս պարտվել։ Որովհետև մենք նույն նավում ենք, մենք խաղում ենք նույն թիմից։
Ալֆրեդո դի Ստեֆանոն ասում էր․ «Ոչ մի ֆուտբոլիստ ավելի լավը չէ, քան ամբողջ թիմը»։ Այո՛, մենք ունեինք շանս ամբողջ «թիմով» ցույց տալու մեր լավ լինելը, բայց չարեցինք դա։ Երբ պարտվում է, պարտվում է ամբողջ թիմը։ Իսկ հիմա՝ երեք ամիս անց, առանձին «խաղացողների» մեղադրելը վարչապետի մակարդակով ոչ այլ ինչ է, քան պարտության դառը իրողությունը սեփական ուսերից թոթափելու անօգնական քայլ․ չէ՞ որ պարտությունն անտեր է մնում։ Ես՝ ընդունում եմ, որ պարտվել եմ, իսկ դու՞․․․
Առողջություն բոլորի՜ս