34224 դիտում
15:43 26-05-2020
«Акела промахнулся!». Քրեական աշխարհը` «ասֆալտին». «Նվերիկն» ու «Վաչիկը» իրենց նվիրվածությունը «օրենքով գողին» ցուցադրելու համար փորձել են քրեակատարողական հիմնարկում անօրինական ակտիվություն ցուցաբերել, սակայն հայտնվել են «ասֆալտին»
Ամիսներ առաջ, երբ ՀՀ քրեական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ և քրեական ենթամշակույթի դրսևորումները քրեականացվեցին, շատերը մեծ թերահավատությամբ մոտեցան դրանց` կարծելով, թե պայքարը ձևական է և քրեական օրենսգրքի այդ հոդվածները երբեք չեն կիրառվելու։
Քրեական աշխարհը նույնպես որոշակի զգուշավորությամբ սպասում էր դեպքերի հետագա զարգացմանը, բայց նաև ներքուստ վստահ էին իրենց վրա, կարծում էին, թե հերթական ցուցադրական արշավներից է և իրենք ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։
Բայց, ինչպես ասում են, այս անգամ «Акела промахнулся!»։ ՀՀ իրավապահ մարմինները ողջ ծավալով և իրական «հարձակում» սկսեցին գողական բարքերի և դրանց կրողների դեմ։
Մեկնարկը տվողներից էր Քրեակատարողական ծառայությունը, որը չխնայելով անգամ իր համակարգի պաշտոնյաներին, միանգամից 2 դեպքով գնաց քրեական գործերի հարուցման։ Արդյունքում «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում քրեական աշխարհի դիրքերն էականորեն խարխլվեցին, դրսից նշանակվող «զոն նայողների» հավակնորդները նույնիսկ փորձում են խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի հերթական հոդվածը «շալակելուց»։
Իսկ որ հենց այդպես է լինելու, իրավապահները կասկածի տեղ չթողեցին։
Բանտերում քրեական ենթամշակույթի դրսևորումները ոչ թե ինքնին ծագած երևույթներ են, այլ հստակ կազմակերպվում, ղեկավարվում և ուղղորդվում են հենց դրսից` «օրենքով գողերի» և «քրեական հեղինակությունների» կողմից։
Հետևաբար քրեական աշխարհին «ասֆալտին փռելու» հաջորդ հերթն Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանն էր։ Օրեր առաջ մեծամասշտաբ օպերացիան և բազմաթիվ անձանց ձերբակալություններն արդեն կասկած չթողեցին, որ այս անգամ գողական աշխարհի «բանը բուրդ է»։
Քրեական բարքերով հետաքրքրվողները լավ են հասկանում խորքային երևույթները, որոնք ներկայումս ծավալվում են Հայաստանում` քաջ հասկանալով, որ իրավապահները պայքարը սկսել են հենց «խոշոր ձկներից»։
Մասնավորապես, քրեական գործերով անցնողները պատահական անձինք չեն, նրանց թվում են քրեակատարողական հիմնարկներում առավել «հեղինակավոր» և իրենց հանդգնությամբ աչքի ընկնող «զոն նայողները»` «Նվերիկն» ու «Վաչիկը», իսկ կալանավորված «օրենքով գող» «Արսեն Երևանսկին» այն նույն անձն էր, որի դեմ անզոր էր անգամ Ռուսաստանի քրեակատարողական համակարգը և ով բանտում ցուցադրական խնջույք էր կազմակերպում ի պատիվ իր « գողական եղբայրների»։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, քրեական աշխարհն իրականում այնքան է անակնկալի եկել իրավապահների հետևողականությունից, որ սկսել է անգամ իրենց բարքերին վնասող քայլերի դիմել։
Մասնավորապես, «Նվերիկն» ու «Վաչիկը» իրենց նվիրվածությունը «օրենքով գողին» ցուցադրելու և այդպես վերջինիս մեծարելու համար փորձել են քրեակատարողական հիմնարկում անօրինական ակտիվություն ցուցաբերել, սակայն արդյունքում ոչ միայն իրենք են հայտնվել «ասֆալտին», այլև ապացուցել են «Արսեն Երևանսկու» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և նրան կանգնեցրել ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով մեղադրվելու իրական վտանգի առջև։
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով իրավապահ մարմիններն այս անգամ իրոք վճռական են տրամադրված և լրջագույն կերպով են նախապատրաստվել քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորմանն օրենքի սահմաններում խստագույնս հակազդելուն։
Հարցն այն է, թե ո՞վ է հաջորդը։
Կարծում ենք, որ պատասխանին երկար չենք սպասելու։
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում