211652_close_icon
views-count936 դիտում article-date 10:01 19-05-2020

ՄԻՊ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը պատժելի է. ինչ է սպասվում պատգամավորին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ թիմակիցների համար տարօրինակ ելույթ էր ունեցել։ Վաղարշակ Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի ներկայացման օրը հանկարծ սկսեց «գոռգոռալ». «21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- նշել էր նա: Ավելի ուշ Արման Թաթոյանը բացատրեց. «Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքի պաշտպանությանը ևս կա նվիրված բաժին»: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի այն մեղադրանքներին, թե՝ «մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, էլ չեմ ասում` կանանց մասին ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է», ապա ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Օմբուդսմենի գրասենյակը պաշտպանում է քաղաքացիներին իշխանությունից, այլ ոչ թե հակառակը՝ հորդորելով չսպառնալ իրեն: Եվ որքան էլ երիտասարդ պատգամավորը փորձի հերքել, թե ինքը չի սպառնացել կամ նման մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ, փաստերն ու նրա ելույթում տեղ գտած արտահայտություններն այլ բան են ասում։ Եվ պարզվում է, որ պատգամավորը կատարել է արարք, որը ենթակա է պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 332.3-ը սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Սա նշանակում է, որ պատգամավորի արարքը, ըստ էության, չպետք է անհետևանք մնա: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյոք ընթացք է տրվելու պատգամավորի ելույթում տեղ գտած մտքերի հետ կապված, թե դրանք կդիտարկվեն վիրավորանք կամ ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Տեսանյութը ընդհանուր դիտարկման ենթարկվել է, դրանում պատգամավորի կողմից ՄԻՊ-ին ուղղված առերևույթ սպառնալիք պարունակող արտահայտությունների վերաբերյալ տվյալներ չեն եղել: Բացի այդ, ՀՀ դատախազությունը չի ստացել ՄԻՊ-ին սպառնալիք հասցնելու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում»: Իսկ, ահա, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մեր բոլոր հեռախոսազանգերն ու նամակները թողեց անպատասխան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր