211652_close_icon
views-count9948 դիտում article-date 15:33 04-05-2020

Թորոսյանը չբացառեց, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում 10 հազար վարակման դեպք կհաստատվի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի: «[url=https://armenpress.am/arm/news/1014207.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե մինչև մայիսի վերջ որքան վարակակիր կլինի, նա նշեց. «10 հազար թիվը հավանական սցենար է: Դա բարձր է այն իմաստով, որ ավելի բարձր է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց տուն կուղարկենք: Սակայն բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել»,-ասաց նախարարն ու նկատեց՝ ամեն ինչը կախված է 10 հազարին հաջորդող քայլերից: Անդրադառնալով հանձնաժողովի նիստում իր հնչեցրած այն մտքին, որ եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով՝ Թորոսյանն ասաց, որ դա պատահական թիվ չէր: «Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիներ և հազարավո մահեր: Բարեբախտաբար, դա մինչև օրս տեղի չի ունեցել, կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը: Սրագագաթ պիկ չէ, դա բլուր է դառնում, պետք է կարողանանք այնպես անել, որ հետո աստիճանաբար իջնի ներքև»,-ասաց նախարարն ու նշեց՝ սակայն, թե դա երբ կհաջողվի, դժվար է ասել: Անդրադառնալով սահմանափակումների վերացմանը՝ նա նշեց, որ դա միգուցե մի քիչ կպաստի ավելացմանը, սակայն նաև պետք է խոստովանել, որ դա անխուսափելի է, քանի որ հնարավոր չէ ապրել երկրում, որտեղ ամեն ինչ փակ է: Նախարարը նկատեց՝դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակն իրենք օգտագործել են՝ ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի բերելու համար և մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար: Հայաստանում մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տնտեսական գրեթե բոլոր գործունեությունների աշխատանքը ևս թույլատրվել է: Սակայն մշակվել են ուղեցույցներ, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Իրականացվելու է վերահսկողություն: Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 35 դեպք։

Նմանատիպ նյութեր