211652_close_icon
views-count5952 դիտում article-date 19:14 25-03-2020

Թորոսյանը ներկայացրեց փակ հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքում նախատեսվող քայլերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել, եթե կորոնավիրուսով վարակման դեպք հայտնաբերվի ծերանոցներում, հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում կամ այլ փակ հաստատություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորոսյանն այս մասին նշեց ԱԺ-ում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին: «Եթե հայտնաբերվում է որևէ հաստատված դեպք, որը չունի ախտանշաններ, մեր առաջարկն է՝ պատրաստել մեկուսացված վայրեր՝ այդ քաղաքացիներին 14 օր մեկուսացված պահելու համար: Եթե լինեն միջին և միջինից բարձր ծանրության դեպքեր, արդեն այդ անձինք կանցնեն հոսպիտալացման»,- ասաց Թորոսյանը: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Նմանատիպ նյութեր