211652_close_icon
views-count1273 դիտում article-date 16:40 24-04-2020

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա եւս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: Այդպիսով ապագայում կկանխվի նման դեպքերի կրկնությունը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրուցում Ջուդի Չուն հույս է հայտնել, որ այդ օրը կգա եւ այդ խոսքերը Սպիտակ տան ղեկավարը կարտասանի: Դա կլինի անչափ կարեւոր ուղերձ համայն մարդկությանը: «Ես հպարտ եմ Փասադենայի շրջանից մեծ հայկական համայնքը կոնգրեսում ներկայացնելու փաստով: Ինձ բախտ է վիճակվել մոտիկից ծանոթանալ հայկական համայնքին եւ լսել հայերի պատմությունը: Առիթ եմ ունեցել հանդիպելու ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր տարիների ընթացքում իրենց պատմությունը փոխանցել են սերունդներին: Ես տեսել եմ, թե ինչպես է Միացյալ Նահանգների մեծ հայկական համայնքը երկար ժամանակ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Ես առիթ եմ ունեցել մաս կազմելու բողոքի ու պահանջատիրության այդ երթերին: Կոնգրեսում առաջին իսկ օրվանից ես հայանպաստ բոլոր բանաձեւերի մաս եմ կազմել: Երբ կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման բնաձեւերն ընդունվեցին, ես ասացի, վերջապես արդարությունը հաղթեց: Ես երբեք այդ օրը չեմ մոռանա: Չեմ մոռանա նաեւ այդ օրը կոնգրեսում ներկա հայերի ուրախության արցունքները, քանի որ այդ պահին մենք բոլորս երկար էինք սպասել»,-ասաց Ջուդի Չուն: Նրա խոսքով, բանաձեւերի ընդունումով Միացյալ նահանգների կոնգրեսը ճանաչեց 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն եւ ասաց, որ նման դեպքերի կրկնությունն անթույլատրելի է: Կոնգրեսականը նկատեց, որ այս տարի համաճարակի պատճառով հայ համայնքի հետ չեն կարող միասին եւս մեկ անգամ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց, ընդծեց, որ հոգեպես միասին են: Ըստ նրա՝ հպարտությամբ կարող ենք ասել, որ 105 տարի անց կարողացան համատեղ ձեռքբերում ունենալ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում: «1,5 մլն հայերի կյանքը թանկ է մեզ համար, եւ մենք երբեք չենք մոռանա հայերի հետ տեղի ունեցածը: Համատեղ աշխատանքով կարողացանք Հայոց ցեղապսանության ճանաչման եւ պատմական փաստերը ընդունելու համատեքստում մեծ առաջընթաց գրանցել: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում պետք է աշխատանքներ իրականացնել վստահ լինելու համար, որ կրթական բոլոր բնագավառներում Հայոց ցեղասպանության պատմությունը կդասավանդվի եւ համապատասան գիտելիքներ կփոխանցվեն գալիք սերունդներին: Այս ամենին զուգահեռ ես կարեւորում եմ նաեւ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Խիստ կարեւորում եմ նաեւ ականզարծման աշխատանքների շարունակությունը, որպեսզի ապագյում կարողանանք փրկել մարդկային կյանքեր»,-հավելեց նա: Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ, նույն թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձեւ: 2010 թվականի մարտին ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի համապատասխան որոշում: Ներկայացուցիչների պալատի կոմիտեն որոշում ընդունել է նաեւ 2007 թվականի հոկտեմբերին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համատեղ որոշում եղել է 1984 թվականի սեպտեմբերին, ինչպես նաեւ 1975 թվականի ապրիլին: 1920 թվականի մայիսի 11-ին որոշում է ընդունվել ԱՄՆ Սենատի կողմից: ԱՄՆ Սենատի կից որոշում եղել է նաեւ 1916 թվականի փետրվարին:

Նմանատիպ նյութեր