211652_close_icon
views-count4036 դիտում article-date 09:25 15-04-2020

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցում է Ջո Բայդընին․ «Ամերիկայի ձայն»

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության գլխավոր հավակնորդներից Բերնի Սանդերսը որոշեց դուրս գալ մրցապայքարից ու իր աջակցությունը հայտնեց նախկին փոխնախագահ Ջո Բայդընին, վերջինիս աջակցելու մասին հայտարարեց նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5371851.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Օբամայի խոսքերով, իր պաշտոնավարման ժամանակ փոխնախագահի պաշտոնը Ջո Բայդընին հանձնելու որոշումն իր կողմից կայացված ամենալավ որոշումներից մեկն էր: «Ես հավատում եմ, որ Ջոն այժմ ունի նախագահի համար անհրաժեշտ բոլոր որակները»,- ասում է Օբաման ու ավելացնում, որ Ջո Բայդընը գիտի բոլորի հետ խոսելու ճիշտ ոճն ու ձևը: Նրա խոսքերով, մեծ է եղել H1N1 և էբոլայի համաճարակների դեմ պայքարում Բայդընի դերը: «Նա է ինձ մեծապես օգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու գործում, և նա ունի բոլոր կարողությունները, երկիրը այս դժվարին կացությունից դուրս բերելու, միջուկային սպառնալիքների ու երկրագնդի ջերմացման դեմ պայքարելու համար»,- ասում է Օբաման: Նաև Բայդընի նախկին գլխավոր մրցակից Բերնի Սանդերսի մասին գովասանքի խոսքեր ասելով, Բարաք Օբաման կոչ է անում Դեմոկրատական կուսակցության կողմից հավանություն տալ Ջո Բայդընին: «Մենք բոլորս մի բան լավ ենք հասկացել, այն, որ հանրապետականները, վերցնելով Սպիտակ տունը և Սենատը, հետաքրքրված չեն առաջընթացով: Նրանց հետաքրքրում է իշխանությունը: Նրանք ցույց են տվել, որ ուզում են միլիոնավոր մարդկանց զրկել բժշկական ապահովագրություններից նույնիսկ համաճարակի այս դժվարին պայմաններում»,- ասում է նախկին նախագահը: Նրա խոսքերով, երկրի ապագան հիմա մեծապես կախված է ընտրություններից: «Չէի ասի, որ հաղթանակ տանելը հեշտ գործ է: Հակառակ կողմն ունի քարոզչության մեծ ցանց ու հնարավորություններ, որոնք չի օգտագործում հանուն ճշմարտության»,- ասում է Օբաման, ում խոսքերով, մյուս կողմից էլ համաճարակն է մարդկանց ուշադրությունը շեղում քաղաքական լուրջ խնդիրներից, այն խնդիրներից, որոնք առկա են ու առաջ են եկել Թրամփի կառավարման օրոք: «Անհրաժեշտ է, որ միավորվեն բարի կամքի տեր ամերիկացիներն` ընդդեմ այսօրվա այն քաղաքականության, որը բնութագրվում է կոռուպցիայով, անտարբերությամբ, ապատեղեկատվությամբ ու պարզ խորամանկությամբ: Դա փոխելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բոլոր ամերիկացիներն այսօր ներգրավվեն քաղաքական ու հասարակական կյանքում, այնպես, ինչպես երբեք չեն եղել ներգրավված»,- ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդընի թեկնածությունը պաշտպանելու մասին իր խոսքում:

Նմանատիպ նյութեր