211652_close_icon
views-count3316 դիտում article-date 11:50 13-04-2020

Պատգամավորները քննարկում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկող անձնակազմի մեծացման հարցը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ «[url=https://armenpress.am/arm/news/1011950.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած փաթեթն Ազգային ժողովի ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ «Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- ասաց Ավանեսյանը։ Փոխնախարարը նշեց, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։ Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Նմանատիպ նյութեր