Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի ՊՆ «Լեռնային Հայաստան հանգստյան տուն» պետական հիմնարկը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ստեղծել Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկը (հանգստյան տուն), որը գտնվում է Դիլիջան քաղաքում:
Սահմանվեց, որ հանգստյան տան գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովելն է.
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում և հանգստյան տունը ձևավորվում է ՀՀ ՊՆ գործող առողջարանի (զորամասի) բազայի վրա` զորամասի պահպանման ծախսերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: