211652_close_icon
views-count1603 դիտում article-date 10:48 12-03-2020

20 օր՝ «նախընտրական» ռեժիմով․ իշխանության թիմն ակնհայտ առավելություններ ունի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, սահմանադրական հանրաքվեի «այո-ոչ»-ի քարոզչությունը թևակոխել է ակտիվ փուլ: «Այո»-ինը՝ ավելի ակտիվ, քան «ոչ»-ինը: Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներով արդեն երկրորդ օրն է` շրջում է Հայաստանի բնակավայրերով և բացատրում է քաղաքացիներին, թե որքան է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը խանգարում մեր երկրի առաջընթացին: Երեք շաբաթ ծախսել ՍԴ 7 անդամներին պաշտոնանկ անելու հարցը լուծող հանրաքվեի քարոզչության վրա․․․ չգիտեմ, ինձ թվում է՝ վարչապետը, կառավարության անդամները, պատգամավորներն ավելի կարևոր գործեր պիտի ունենան: Ես լինեի ՍԴ «խնդրահարույց» անդամների տեղը, ինձ վատ կզգայի, որ իմ համառության (կամ թեկուզ՝ սկզբունքայնության) պատճառով այդքան մարդ է գործից կտրվել և այդքան միջոցներ ու ուժեր են ծախսվում այդ երկրորդական հարցի վրա: Ես հիմա՛ հրաժարական կտայի, երբ այլևս ոչ ոք չի կասկածի, որ դա արվում է վաղաժամկետ թոշակ ստանալու համար: Քանի որ ՍԴ անդամները դա չեն անում, կարծես ինչ-որ չափով հաստատում են այն կասկածները, որ նրանք առնվազն ենթակա են որոշակի քաղաքական ազդեցությունների: Բոլոր դեպքերում մոտակա 20 օրերին հանրապետությունն ապրելու է «նախընտրական» ռեժիմով՝ քարոզչության և հակաքարոզչության սուր դրսևորումներով: Իշխանության թիմն այստեղ ակնհայտ առավելություններ ունի, և ոչ միայն վարչական ռեսուրսի շնորհիվ: Կան նաև այլ գործոններ և, մասնավորապես, այն հանգամանքը, որ վարչապետը հրաշալիորեն տիրապետում է հռետորական արվեստին, ու նրա մոտ շատ լավ է ստացվում քաղաքացիներին ներկայանալ ընդդիմադիրի դերում: Հենց այդ դերում էլ նա հիմա հանդես է գալիս՝ որպես նախկին իշխանության ընդդիմություն, քանի որ հանրաքվեն լավ առիթ է «նախկինների» մասին խոսակցությունը շարունակելու: Ասում եմ առանց որևէ հեգնանքի՝ ես մասնագիտական հաճույք եմ ստանում, երբ Փաշինյանը «չոտկում» և «նախշում» է մարդկանց, որոնք իշխանությունից հեռացել են գրեթե երկու տարի առաջ: Մանավանդ ակնհայտ է, որ նրա խոսքը դրական ռեզոնանսի մեջ է մտնում քաղաքացիների մեծամասնության զգացմունքների հետ (իսկ «նախկինները» լիուլի առիթներ են տվել նման զգացմունքների համար): Երբ վարչապետը խոսում է այլ թեմաներից, օրինակ` ապագա ծրագրերի մասին (5 միլիոն բնակիչ, 10 միլիոն ծառ և այլն), դա զուտ հռետորական արվեստի տեսանկյունից պակաս տպավորիչ է, որովհետև այստեղ խոսքը հնարավոր չէ համեմել մեղադրանքի, խարազանման «աղուբիբարով»: Ապրիլի 5-ին հանրաքվեում քաղաքացիների մեծամասնությունը միանշանակ կասի «այո»՝ հաշվի առնելով վերը նկարագրված զգացմունքները: Իշխանությունը հանրաքվեից հետո կասի, որ ժողովուրդը վերջնականապես ազատվել է նախկին իշխանությունների դեռևս չջախջախված մնացուկներից: Բայց այդ «վերջնականապեսն» էլ է հարաբերական: Որովհետև մի քանի ամսից կլինի սահմանադրական նոր հանրաքվե: Եվ կպարզվի, որ որոշ չջախջախված դավադիրներ դեռ մնացել են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր