211652_close_icon
views-count19875 դիտում article-date 12:57 27-09-2017

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ. ՀՀ վարչապետը մասնակցել է «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարևորում է այս ոլորտը, կարևորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը: Պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», - իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը: «Հատկանշական է համագործակցությունը վերազգային ընկերությունների հետ: Այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են` «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» և այլ ընկերություններ: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը: Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է նաև տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և այլն: Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, ինչի ապացույցն են գործող Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները: «Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ», - ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ՏՏ ոլորտի օրինակով ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է իրականացնում նաև ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական այլ ուղղությունների զարգացման նպատակով: Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է շատ արդիական՝ կիբերանվտանգության թեմայով։ «Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այնքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլև մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից ավարտած գյուղատնտեսությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկեր տեղական, վերազգային և միջազգային կազմակերպություններին` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ցուցաբերած կանոնավոր աջակցության համար: «Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը և խորացնելու և ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային և տեղական կազմակերպությունների հետ, ինչը կխթանի ոլորտի մրցունակության բարձրացումը ու ոլորտում կայուն տնտեսական աճի ապահովումը: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նորից ողջունել ձեզ, մաղթել արդյունավետ աշխատանք: Մեր տեղական ընկերություններին ցանկանում եմ շատ ավելի ակտիվ և համարձակ լինել, որովհետև մենք հայտարարել ենք, որ կառավարությունը պատրաստ է յուրաքանչյուր տրամաբանական, նույնիսկ եթե անհրաժեշտ է, հեղափոխական լուծումների գնալուն: Շատ ակտիվ եղեք նաև կրթական համակարգում: Մենք հայտարարել ենք, որ կրթական համակարգի կառավարումը կարող ենք տրամադրել ձեզ, եթե հաշվի ենք առնում, որ ոլորտի զարգացման համար դա մեր նեղ տեղերից է: Այդ իսկ պատճառով ձեզ լավ տրամադրություն, հաջողություններ և լավ աշխատանք», - խոսքը եզրափակել է վարչապետ Կարապետյանը: «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին: Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները և պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր և հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն: Նախատեսվում է, որ «ԱրմԹեք 2017»-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր