25225 դիտում
10:25 10-03-2020
Գահավիժում է ռուբլին, աղքատանում են մեր բազմահազար քաղաքացիները, կառավարությունը բուկլետ է բաժանում․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները: Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների. Մասնավորապես՝ նավթի գները: Գահավիժում է ռուսական ռուբլին աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին:
Շաբաթը մեկնարկեց նավթի շուկայի փլուզմամբ. Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի բորսայում սակարկությունների ընթացքում ընկավ 426 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 3174 դոլարի: Wtl մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկավ 48.9 տոկոսով՝ տատանվելով 27-28 դոլարի շրջակայքում:
Գնանշումները փլուզվեցին այն տեղեկությունների ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ «ՕՊԷՔ+»-ի մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանումը նվազեցնելու շուրջ: Դա խուճապ է առաջացրել շուկայում. ինչի հետևանքով, որոշ գնահատումներով, առաջիկայում նավթի գները կարող են իջնել բարելի դիմաց ընդհուպ մինչև 15-20 դոլարի:
Նավթի շուկայի փլուզումը հանգեցրեց ռուսական ռուբլու հերթական գահավիժման: Չնայած այն ավելի վաղ էր սկսել արժեզրկվել, այնուհանդերձ վերջին իրադարձությունների ֆոնին արագորեն կորցրեց քաշը:
Ռուբլու գինը կտրուկ ընկավ նաև Հայաստանի ֆինանսական շուկայում: Այժմ այն տատանվում է 6.6-6.9 դրամի սահմաններում: Մինչդեռ անցած շաբաթվա վերջին գերազանցում էր նույնիսկ 7.2 դրամը: Չհաշված, որ տարեսկզբին շատ ավելի բարձր էր և հասնում էր մինչև անգամ 7.9-8 դրամի: Դժվար չէ նկատել այն հսկայական տարբերությունը, որն արձանագրել է ռուբլու փոխարժեքը տարեսկզբից մինչև այժմ:
Այն, որ ռուսական արժույթի արժեզրկումից Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուր֊հազարավոր քաղաքացիներ կորուստներ են ունենում, նորություն չէ: Նախկինում նման իրավիճակների բազմիցս հանդիպել ենք: Այսօր էլ բան չի փոխվել: «Հեղափոխությունից» հետո էլ մեր շատ ու շատ հայրենակիցներ իրենց ապրուստը վաստակում են Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի միջոցով: Նրանց և նրանց ընտանիքների եկամուտները ձևավորվում են հիմնականում ռուսական ռուբլով: Ռուբլու արժեզրկման հետևանքով նրանք գումարներ են կորցնելու և ոչ պակաս փոքր գումարներ: Սա նաև սոցիալական լարվածության ռիսկեր է պարունակում:
Բայց խնդիրը միայն դա չէ: Նավթի գների փլուզումը կարող է հերթական ծանր հարվածը լինել Ռուսաստանի տնտեսության համար: Եթե այս իրավիճակը երկար պահպանվի՝ դրա հետևանքները զգալու են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև տնտեսությունը: Լինելով մեր երկրի հիմնական առևտրատնտեսական գործընկերը՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացումն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Դա սովորաբար արտահայտվում է մի քանի ուղղություններով:
Նվազելու են ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները: Որքան էլ Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի տրանսֆերտային շուկայում վերջին տարիներին կրճատվել է. այնուհանդերձ այն այսօր էլ շարունակում է ամենամեծ տեսակարար կշիռը կազմել: Տարեկան այդ երկրից Հայաստան է գալիս ավելի քան 1 մլրդ դոլարին համարժեք գումար: Նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը և մեր հայրենակիցների եկամուտների նվազումը հանգեցնելու է տրանսֆերտների կրճատման:
Տնտեսության մեջ դա արտահայտվելու է, առաջին հերթին արտահանման կրճատման տեսքով: Մեր արտահանման գրեթե 27-28 տոկոսը մտնում է ռուսական շուկա: Ռուբլու արժեզրկումը նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակությունը: Կրճատվելու է նաև ռուսական շուկայի սպառողական պահանջարկը: Ներդրումների մասին չենք խոսում, որովհետև Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումներն իշխանափոխությունից հետո առանց այն էլ երևելի ակտիվություն չէին ցուցաբերում: Չնայած, եթե այս իրավիճակը երկար պահպանվի, ապա գուցե և դրանք էլ դադարեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
12:36 07-04-2023
Եթե լրատվամիջոցին նորմալ չեն պատասխանում, շարքային քաղաքացինե՞րն ինչ ասեն․ «Չորրորդ իշխանություն»
34500 դիտում
09:41 21-10-2020
Ադրբեջանում բունտ է հասունանում՝ կապված բազմահազար սպանվածների դիակների հետ. «Փաստ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»