2284 դիտում
15:49 03-03-2020
Նախորդ տարի Հայաստանում իրականացվել է 32569 նորածնի լսողության սկրինինգ, 24-ի մոտ հայտնաբերվել է լսողական խնդիր
Հայաստանում 2008 թվականից իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, իսկ 2018 թվականից կատարվում է հանրապետության ամբողջ տարածքում: Նախորդ տարի իրականացվել է 32569 նորածնի հետազոտություն, 24-ի մոտ հայտնաբերվել է լսողական խնդիր. 9 երեխայի կատարվել է ականջի խխունջի պատվաստման վիրահատություն, իսկ 15-ին տրամադրվել է լսողական սարք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, ամեն տարի մարտի 3-ին նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը, որը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության խնդիր:
Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ը պայմանավորված է կանխարգելելի պատճառներով, օրինակ`
Վարակներ` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի խրոնիկ օտիտ (31%)
Պտղի ասֆիքսիա ծնվելիս, անհասություն, ծնվելիս ցածր քաշ, դեղնուկ, ծննդաբերական բարություններ (17%)
Օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%)
Այլ (8%):
Կանխարգելիչ միջոցառումներն են. երեխաների իմունիզացիա կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի նկատմամբ, վերարտադրողական տարիքի աղջիկների ու կանանց պատվաստումը կարմրախտի հանդեպ մինչ հղիությունը, ականջի համապատասխան խնամքի պահպանում, բարձր աղմուկի ազդեզության նվազեցում, միջին ականջի օտիտի սկրինինգ և համապատասխան վարում, նորածնային սկրինինգ և այլ:
Խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումն այն հիմնական գործոններն են, որոնք նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան:
Ներկայումս առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը մշակում է «Ականջի և լսողության խնամքի» ազգային ծրագիր` 2021-2025 թվականների համար:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
18:29 03-12-2023
ՀՀ-ում վիբրացիոն ժիլետներով օգնել են լսողական խնդիր ունեցող երեխաներին «զգալ» երաժշտությունը
Այս բաժնից
511 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
934 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ